ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կարծում է, որ պետությունը գնաճը պետք է հսկողության տակ պահի։

«Այն կարծիքին եմ, որ պետությունը պիտի գնաճը պահի հսկողության ներքո, որովհետեւ չպետք է թույլ տալ, որ թելադրեն այդպիսի գնային քաղաքականություն»,-NEWS.am-ի հետ զրույցում նշել է Ալիկ Սարգսյանը։

Նրա խոսքով, պետք է պատկան ծառայությունները գնան հետազոտեն ու հասկանան, թե ինչու կարագի գինը բարձրացավ. «Պիտի ուսումնասիրեն՝ ոնց եղավ, որ անցած տարի էսքան էր, էս տարի՝ էսքան, պիտի պատճառաբանեն, ցույց տան։ Պետությունը անելիք ունի, պիտի հսկի, քանի որ ժողովուրդն ի վիճակի չէ։ Ովքեր փորձում են ժողովրդին դեմ առ դեմ թողնել այս թանկացումների հետ, որ մարդը մի կտոր միս հայթայթի, սա մեղմ ասած շատ վատ բան է։ Պետությունը քաղաքացու տերն է, ամենամեծ երաշխավորը»,–ասել է պատգամավորը։

Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի արտահայտությանը, թե թանկացումը աղքատի գրպանին չի հարվածում, քանի որ նա մինչ այդ էլ ի վիճակի չէր այդ ապրանքը գնելու, Սարգսյանն ասաց՝ հավանաբար հումոր է արել։ «Իմ կարծիքով չստացված հումոր է արել։ Թող ինձ ներեն իմ կուսակից ընկերները, որոնք այդ խոսքերը ասել են, բայց իմ կարծիքով դա հումոր է, չստացված հումոր, որովհետեւ էդպիսի արտահայտություն, որ ժողովրդի շահերից չի բխում, ցավ կա մեջը, որեւէ մեկի չի անի»։