«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հավաքվել են Երեւանի պետական համալսարանի շենքում այն լսարանի մոտ, որտեղ հացադուլ են սկսել իրենց երկու ընկերները՝ Դավիթ Պետրոսյանն ու Յուրա Ավագյանը:

Նախաձեռնության անդամները նշեցին, որ հացադուլի որոշումը միասնական քննարկումների արդյունք է. «Բոլորս էլ այս ամենը միասնական որոշումներով ենք իարկանացնում: Մենք նախապես հայտարարությամբ հանդես էինք եկել, որտեղ շարադրել էինք մեր պահանջները եւ նաեւ թե ինչու ենք հացադուլ սկսում»,-ասաց նախաձեռնության անդամ Լեւոն Չուքակյանը:

Դիտարկմանը, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշել է, որ նման քայլն այժմ ժամանակավրեպ է, եւ հիշեցրել, որ Դավիթ Պետրոսյանը Սորոսի հիմնադրամի աջակցությամբ եղել է Լեհաստանում եւ գուցե հանձնարարություն է ստացել դրսից, նախաձեռնության անդամն առարկեց՝ նշելով, որ դա իրենց պայքարն անվանարկելու ձեւ է, որը նախկինում էլ է կիրառվել:

«Բանակցությունների ժամանակ էլ եկան այն մարդիկ, որոնք կոմպետենտ չէին եւ իրավասու չէին օրենքում փոփոխություններ մտցնելու, նրանք պատրաստ չէին զիջումների: Մութ ուժերի, արտաքին ուժերի մասին հիշատակումները նոր չեն, նախկինի կրկնությունն է» Սա իրենց պայքարի միջոցն է մեր դեմ: Հացադուլն անժամկետ է, պայքարը վերադառնում է այն կետին, որտեղ կանգ էր առել»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ պետական մարմինների հետ քննարկումներում որեւէ արդյունքի չհասնելուց հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությանը որոշել է դադարեցնել քննարկումները իշխանությունների հետ եւ պայքարը շարունակել այն կետից, որտեղ դադարել է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Facebook-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտարարել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

«Մեկ ամիս տեւած քննարկումները ոչ մի արդյունք չտվեցին: Եթե նախապես նշվում էր, որ օրենքի 5-րդ կետը օգտագործվում է որպես ճանապարհ արժանի ուսանողներին հնարավորություն տալ իրենց կրթության անընդհատության սկզբունքը պահպանել եւ շարունակել իրենց կրթությունը, այժմ այդ բոլոր խոսքերը զրոյի հավասարվեցին: Եթե 5-րդ կետում նշվում է, որ նշանակալի ուսանողներին տրվելու է տարկետում, ոչ ԿԳՆ-ն, ոչ ՊՆ-ն չգիտեին, թե ինչպիսի չափանիշների միջոցով կարելի է հասկանալ, թե նշանակալի նվաճումը որն է: Մենք այդ չափանիշներին դեմ ենք, քանի որ կարծում ենք՝ դա հնարավորություն չի ստեղծելու արժանի ուսանողներին շարունակելու իրենց կրթությունը»,-ասել է Դավիթ Պետրոսյանը:

«Նախաձեռնության անդամների պահանջը հետեւյալն է՝ տարկետման ինստիտուտը պետք է պահպանվի այնպես, ինչպես կար նախկինում: Մենք ընդունում են, որ տարկետման ներկայիս ինստիտուտը վերափոխման, վերաարժեվորման կարիք ունի, բայց դա պետք է արվի ոչ թե վերացման ձեւով, այլ կրթության եւ գիտության ոլորտում անհրաժեշտ փոփոխություններով՝ կոռուպցիոն ռիսկերը վերացնելով կամ նվազեցնելով: Պետք է խստացվեն ընթացակարգերը: Սա պետք է մտածեն համապատասխան պաշտոնյաները, որոնք ի պաշտոնե պետք է այդ գործառույթն իրականացնեն: Մենք սպասելու ենք պատասխանի: Տարկետման ինստիտուտը պետք է վերարժեւորվի, տեղերը պետք է վերանայվեն: Երբ կլինի կոնկրետ, թե ինչպես է այդ ամենն արվելու, այդ ժամանակ մենք մեր կարծիքը կհայտնենք»,-ընդգծել է Դավիթ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով առաջարկվում է սահմանափակել տարկետման իրավունքը, ինչին ուսանողները դեմ են: Նրանք հացադուլ ու դասդուլ էին հայտարարել, սակայն նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո որոշել էին դադարեցնել պայքարը: