«Իրատես» թերթը գրում է. «Վերջին օրերին հայաստանյան գաղափարական թրենդը անվտանգության համակարգի դոկտրինի փոփոխության պահանջն է: Խոսակցությունը մամուլում սկսեց Արմեն Աշոտյանը, մի քանի ժամ անց տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստում խորհրդի անդամների առջեւ համանման խնդիր դրեց Սերժ Սարգսյանը. փորձագետները անմիջապես որսացին կարեւորագույն թեման եւ սեփական մոտեցումներով փորձեցին «հարստացնել» ապագա դոկտրինը:

Ու մինչ միս ու արյուն կստանա անվտանգության նոր հայեցակարգը, փոքրիկ հետահայաց նետենք նախկին դոկտրինին, ասելու, որ 2007-ին այն ինչ-որ առումով դարձավ նախագահության գնացող Սերժ Սարգսյանի այցեքարտը, նախ` դրսի, ապա եւ` ներսի համար. հիշենք` բազմակողմանի ինչ քննարկումներ էին ընթանում բոլոր մակարդակներում` ԵՊՀ-ում. ԳԱԱ-ում, ԱԺ-ում` ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանների մասնակցությամբ, որոնց համար ամենաէականը հայաստանյան «կուրսի» ընտրության, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների «անվտանգության», հայ-թուրքական հարաբերությունների հարցերն էին. այս առումով Սերժ Սարգսյանի բեմելը նրանց չհիասթափեցրեց, էական բոլոր հարցերը տեսական լուրջ արտացոլում էին գտել ծավալուն փաստաթղթում, ընդ որում` դոկտրինի վրա աշխատել էին ոչ միայն հայաստանյան «ակսակալները», այլեւ դրսի լուրջ մասնագետները:

ՈՒ հիմա հարց է առաջանում. ինչու՞ մեկ էլ ու նման կարեւորագույն` անվտանգության դոկտրինի նորացման իրապես հրատապ խնդրին այսպես ուշացմամբ անդրադարձ եղավ, երբ, դիցուք, նույնքան կարեւոր, բանակում մեկնարկած լայնածավալ բարեփոխումներն իրենց ընթացքի կեսին են հասել:

Կարծում ենք` պատճառը մեկն էր` սպասումը, թե ինչպիսին կլինի ստորագրված ԵՄ համաձայնագիրը: Ընդ որում` սահմանադրության փոփոխությունն ինքնին եւս անվտանգության դոկտրինի փոփոխության առաջին ծիծեռնակն էր, որպես նույն դոկտրինի «բնական» փոփոխության մոդիֆիկացիա:

Այս ամենից հետո արդեն հեշտ է «շարել-տեղակայել» անվտանգության մնացյալ անհրաժեշտ բաղադրիչները, առաջին հերթին` Արցախի մասով:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի վերջին` բավականին անհետաքրքիր հարցազրույցի «ամենակրակոտ», ամենաէական եւ անվտանգային մասը հենց Արցախին էր առնչվում. «չխոսկան» Սերժ Սարգսյանը, իրեն ոչ հատուկ գաղտնասացությամբ, երկու-երեք բառ ասաց, որոնք ամբողջական պատկերացում տվեցին առաջիկայում արցախյան գծում սպասվող հայաստանյան անվտանգության մոդուլյացիաների մասին. նա ասաց, որ առաջիկայում «է՛լ ավելին է լինելու»: Խնդիրը, հիշենք, առնչվում էր վերջին մեկուկես տարում սահմանների լրջագույն ամրակայմանը, դիվերսիաների բացառմանը, հետաքննիչ սարքերի տեղակայմանը:

Դոկտրինին առնչվող հաջորդ էական խնդրին եւս գործնական-միջանկյալ պատասխան է տրվել: Այո, խոսքն այս անգամ հայ-թուրքական հարաբերություններին, նաեւ` արձանագրություններին է վերաբերում: Սերժ Սարգսյանը, որն իր նախագահական բեմելը սկսել էր նաեւ այս փաստաթղթից, իր հետեւից փակում է, այսպես ասած, «անվտանգության» այդ վարագույրը, մասամբ դրսեւորելով «խարակտեր», ինչը վաղուց էր անհրաժեշտ ոչ միայն այն պատճառով, որ սուլթան Էրդողանը միայն այդ լեզուն է հասկանում, այլ որ Հայաստանի դիրքերն այսօր դա թույլ են տալիս:

Մի խոսքով` փորձագետները, բոլոր կարգի գուրուներն առաջիկայում իրենց կյանքը չեն խնայի «հանուն անվտանգության նոր դոկտրինի» եւ կանեն առաջարկներ` ի տեղի, ի խելքի:

Թույլ տանք նրանց ինքնադրսեւորվել, քանզի տարածաշրջանը` ռեւանշի հասած Սիրիան, գրեթե գերտերության վերածված Չինաստանը, սեփական խենթացումները աշխարհի վրա փորձարկող «Հյուսիսային Չընը» եւ այդ ամենի արարքում «ողբերգակ մաչոյի» յուր կերպարով «աշխարհը սանձող» Վլադիմիր Վլադիմիրովիչն այդ հնարավորությունը լիուլի տալիս են:
Իսկ մենք անդրադառնանք մեկ շատ նուրբ հարցի եւս. Հայաստանում մեկուկես տարվա ընթացքում ահաբեկչության երեք-չորս դիպված է եղել: Սա արդեն ոչ թե «ֆիզիոլոգիա», այլ հոգեբանական վիճակագրություն է, ընդ որում` արմագեդոնյան, ու չենք կարծում, թե անվտանգության սպասվող, թեկուզ համապարփակ դոկտրինը խորքային պատասխան կունենա այս հարցին: Սակայն «ձգտել» մտածողության-փիլիսոփայության փոփոխության, այդ նիշից սկսել եւ դրա վրա կառուցել ողջ ատաղձը, կարծում ենք, ոչ թե անհրաժեշտ, այլ խիստ պարտադիր է:

Եվ փաստաթուղթ ստեղծողները պետք է զորեն ու անեն դա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում