«168 ժամ» թերթը գրում է. «Ամփոփելով անցնող տարին՝ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, որպես 2017թ. առաջին կարեւոր իրադարձություն հիշատակեց միության 85-ամյա հոբելյանը. «Հոբելյանական տարվա շրջանակներում արեցինք երբեւէ չտեսնված մեծ փառատոն, որը բաղկացած էր ավելի քան 10 համերգներից՝ մոնո, սիմֆոնիկ, կամերային, մանկական, էստրադային ժանրերի ընդգրկմամբ: Կարեւորն այն է, որ կոմպոզիտորները կարողանում են աշխատել եւ լսրանին հասցնել իրենց աշխատանքը»:

Նրա խոսքով՝ ինչպես եւ ակնկալվում էր, տարին առանձնապես չէր տարբերվում նախորդներից. այս տարի շատ կոմպոզիտորներ պարգեւատրվեցին: Մինչ պարոն Սաթյանը թվարկում էր այս կամ այն պարգեւատրման արժանացած կոլեգայի անունը, - «168 ժամ»-ը հիշեցրեց՝ ինքը եւս պարգեւատրվողների շարքերում է՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով.

«Ճիշտ ասած, ինձ համար անսպասելի էր, երբեք չեմ մտածել այդ մասին՝ կտա՞ն, կտան… Մեզ մոտ կոչումապաշտություն կա, բայց կոչումով ոչինչ չի որոշվում, այլ ճանաչվածությամբ, կատարած աշխատանքով»:

Պարոն Սաթյանը մտահոգություն ունի՝ մեզանում իսկական արժեքները փոխարինվել են ուրիշ արժեքներով. «Արմենչիկին կոչում շնորհելով՝ արժեքի փոփոխություն է կատարվում: Երբ արժեքները խախտված են, ուրեմն՝ բնական է, որ այդպիսի իրավիճակում մեր կատարած աշխատանքն այլ կերպ է ներկայացվում: Բնական է, որ Արմենչիկին «Գրեմմի» չեն ներկայացնի, բայց նա կարող է հանգիստ ներկայանալ այդ մրցանակաբաշխությանը: Եթե Արմենչիկը կարդա այս հրապարակումը, ուրեմն մյուս տարի կներկայանա «Գրեմմիի» եւ կարող է նաեւ ստանալ այդ մրցանակը»:

Խոսելով Դիլիջանի ստեղծագործական տան մասին՝ բանախոսն ասաց՝ աշխատանքներ տարվում են եւ դեռ պետք է շարունակել. «Հինգ տարով մասնավոր անձերի հետ պայմանագիր կնքեցինք, որն անպայման պետք էր անել, որպեսզի Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը չփլուզվի: Թվով հինգ քոթեջ վերանորոգվել է, առաջիկայում նախատեսվում է վերանորոգել եւս երեքը: Շնորհիվ այս համագործակցության, Կոմպոզիտորների միության անդամները տարվա ընթացքում երկու ամիս՝ գարնանն ու աշնանը կարող են անվճար հիմունքներով իրենց հանգիստը կազմակերպել այնտեղ: Պայմանագրի համաձայն՝ վերանորոգող կողմը ստանում է քոթեջների վարձակալությունից գոյացած եկամտի մեծ մասը: Յուրաքանչյուր քոթեջի համար վերանորոգող կողմը Կոմպոզիտորների միությանն է փոխանցում ամսական 50.000 դրամ, մնացյալ եկամուտը մնում է իրեն: Սա օգտակար համագործակցություն է թե՛ Կոմպոզիտորների միության, թե՛ Դիլիջանի ստեղծագործական տան պահպանման, թե՛ մյուս կողմի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում