Համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ Վերին Լարս անցակետի հատվածում կուտակված ՀՀ քաղաքացիների համար ՌԴ ԱԻՆ-ի կողմից տեղադրվել են վրաններ, դաշտային խոհանոց՝ քաղաքացիներին տաք սնունդ եւ անհրաժեշտ այլ օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Անցակետում է գտնվում նաեւ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը:

Վրաստանում՝ Կազբեգի անցակետի հատվածում, ձնամաքրման աշխատանքները դեռ շարունակվում են։ Ըստ նախնական տեղեկատվության՝ առկա է ձնահոսքի վտանգ, ուստի կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացի բեռնատարներից:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված 282 տրանսպորտային միջոց, որից 247-ը բեռնատար, 32 մարդատար ավտոմեքենա եւ 3 ավտոբուս: