«Հրապարակ» թերթը գրում է. «Սփյուռքի նախարարությունը, ինչպես պարզում ենք պետգնումների կայքից, իր կարիքների համար այս տարվա հոկտեմբերի 20-ին պայմանագիր է կնքել մի ԱՁ-ի հետ, ո՛չ դես, ո՛չ դեն՝ հայկական ավանդական խորիզով գաթա եւ փախլավա ձեռք բերելու համար:

Նախարարությունը 5 հազար 250 դրամով 3 հատ գաթա է գնել, 21 հազար դրամով՝ 30 հատ փախլավա՝ վճարելով ընդհանուր առմամբ 26 հազար 250 դրամ: Նույն այդ ԱՁ-ի հետ նախարարությունը դարձյալ գաթա եւ փախլավա գնելու պայմանագիր է կնքել նաեւ մոտ մեկ ամիս անց՝ նոյեմբերի 27-ին: Այս անգամ գաթաների եւ փախլավաների քանակն ավելացվել է․ գնվել է 30 հատ գաթա՝ վճարվել է 52 հազար 500 դրամ, 89 հատ փախլավա՝ վճարվել 62 հազար 300 դրամ:

Ավանդական այս անուշեղենների գնման համար նախարարությունն այս անգամ վճարել է 114 հազար 800 դրամ:

Նշենք, որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ծնունդով Գավառից է եւ իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ Ամանորին շատ է սիրում ճաշակել մասնավորապես Գավառի քուֆթան ու փախլավան, որոնք «պատրաստման ինքնատիպ ճանապարհ են անցնում»։ Փախլավա պատրաստելու արվեստին, որպես հին քյավառցի, ինքն էլ է տիրապետում:

Նկատենք, որ նախարարությանը հայկական ավանդական խմորեղեններ մատուցած ԱՁ-ն գրանցված է Երեւանում: Արդյո՞ք նախարարության կարիքների համար փախլավաները թխելիս հաշվի են առնվել «Քյավառա փախլավի» պատրաստման ավանդույթները, չենք կարող ասել: Բայց քանի որ հայոց մեջ հարգի է նաեւ Քյավառա քուֆթան, ապա չի բացառվում, որ մի օր էլ սփյուռքի նախարարությանն «իր կարիքների համար» քուֆթա պետք գա, եւ այն ձեռք բերելու համար պետգնում հայտարարվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում