Աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագիրը 90 տոկոսով իրականացվել է։ Այս մասին դեկտեմբերի 26-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը։

Նրա խոսքով՝ 2008-2010թթ. պետական ծրագրի շրջանակներում աղետի գոտու 4839 ընտանիքներ ստացել են բնակարաններ՝ 65 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ: Միայն 2017 թվականին պետբյուջեից հատկացվել է 560 մլն դրամ, որը տրամադրվել է աղետի գոտու 102 ընտանիքի: Միեւնույն ժամանակ, 2018 թվականին 50 ընտանիքների համար բնակարան ձեռք բերելու համար նախատեսվում է հատկացնել 460 մլն դրամ:

«Այս ընտանիքների առջեւ պետության պարտավորությունները կավարտվեն 2020 թվականին, եւ այս պահի դրությամբ մնացալ 540 ընտանիքների բնակարանային ապահովման հարցը կլուծվի: Այդ նպատակով ծրագրի շրջանակներում պետբյուջեից կտրամադրվի 4 մլրդ դրամ», -նշեց Արմեն Ղուլարյանը:

Նա տեղեկացրեց, որ պետական հանձնաժողովը քայլեր է ձեռնարկել աղետի գոտում պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում տեղակայված չարտոնված շենքերի փաստաթղթավորման եւ գրանցման համար: Համապատասխան որոշումը արդեն հաստատվել է կառավարության կողմից:

Հիշեցնենք, որ աղետի գոտում բնակարանային օգնության պետական ծրագիրը մեկնարկել է 2008 թվականին եւ նախատեսված է ավարտվել 2020 թվականին: Ծրագրի շահառուների ցանկում ընդգրկված են մոտավորապես 5400 ընտանիքներ, որոնց տները ավերվել են 1988 թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ: