Հայաստանի եւ Վրաստանի դատախազությունների միջեւ համագործակցության արդյունքում, քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Վրաստանից Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության եւ դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանը:

ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2017 թվականի մարտի 24-ին որոշում է կայացվել նշված արարքների համար Ռոբերտ Աղվանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ԱԱԾ աշխատակիցների եւ Վրաստանի ՆԳՆ Կրիմինալ ոստիկանության Կենտրոնական Դեպարտամենտի համագործակցությամբ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում Ռ. Աղվանյանը մարտի 27-ին հայտնաբերվել է Թբիլիսի քաղաքում:

Վերջինիս ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է եւ 2017 թվականի դեկտեմբերի 25-ին նա տեղափոխվել է ՀՀ: