Թուրքիան Ռուսաստանից Ս-400-ի չորս դիվիզիոն է գնել 2,5 միլիարդ դոլարով: Այս մասին հայտարարել է «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը,հաղորդում է «Կոմերսանտ»-ը։

Նա հաստատել է Անկարայի կողմից ձեռք բերված դիվիզիոնների քանակը: «Այո, 2,5 միլիարդ դոլար արժողությամբ»,-պատասխանել է Չեմեզովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի ֆինանսների նախարարությունները ավարտել են Ս-400-ի գնման համար Մոսկվայի կողմից վարկի տրամադրման շուրջ բանակցությունները: «Մնում է միայն հաստատել վերջնական փաստաթղթերը: Կարող եմ ասել, որ պայմանագրի ընդհանուր գումարի 45 տոկոսը վճարվելու է որպես կանխավճար, իսկ 55 տոկոսը ռուսական վարկային միջոցներով: Մենք նախատեսում ենք սկսել առաջին մատակարարումները 2020 թվականի մարտին»,-հավելել է նա։

Մոսկվան եւ Անկարան սեպտեմբերի կեսին ստորագրել էին Ս-400 համալիրների մատակարարման մասին համաձայնագիր: Այս պայմանագիրը քննադատության արժանացավ ՆԱՏՕ-ում այն հիմնավորմամբ, որ Թուրքիայի որոշումը կարող է խանգարել նրան դաշինքի միասնական հակաօդային պաշտպանության համակարգի մաս դառնալ:

Անկարայում հայտարարել են, որ գործարքը չի սպառնում դաշինքին եւ բացատրել են, որ դիմել են Մոսկվային, քանի որ նմանատիպ հակաօդային պաշտպանության համակարգեր ՆԱՏՕ-ի երկրներից չեն կարողացել ձեռք բերել: Կրեմլում էլ ընդգծել են, որ «ոչ ոք իրավունք չունի քննադատել Ռուսաստանին եւ Թուրքիային ռազմատեխնիկական համագործակցության համար»: