32-ամյա Նարինեն իր երեք անչափահաս երեխաների հետ ապրում է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում՝ վարձակալած բնակարանում. մինչ բնակարանի վարձակալելը Նարինեն երեխաների հետ բնակվում էր ամուսնու տանը, սակայն վերջինիս մահվանից հետո հայտնվել է դրսում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Նարինեն:

«Ես ու իմ երեք երեխաներս, ոչ մի օգնող չունենք, մինչեւ ամուսնուս մահը ոչինչ, մի կերպ կարողանում էինք ծայրը ծայրին հասցնել, հիմա դա էլ չեմ կարողանում անել: Սկեսուրս հետս յոլա չգնաց ու հանեց տնից: Ոչ ոք երեխեքին չի օգնում, նպաստ ու թոշակ եմ ստանում, դրանով հազիվ կոմունալները, տան վարձն եմ փակում, բայց երեք երեխա են, հագնել են ուզում, ուտել են ուզում ու չեմ հասցնում ու դրանից շատ վատ եմ զգում: Խանութներից ինչ պետք է լինում, գնում բերում եմ, հետո փարոսը ստանում, տանում փակում, ուտելը միշտ չեմ հասցնում, աշխատանքային օրերին գնում եմ բարեգործական ճաշարանից եմ բերում: Օգնում են, բայց էլ չգիտեմ, ինչ անեմ»,-նշեց Նարինեն:

Նրա պատմելով՝ երեխաները կանոնավոր դպրոց են հաճախում, ճիշտ է, բարձր առաջադիմությամբ չեն փայլում, բայց գնում են, փոքրն էլ մանկապարտեզ է հաճախում: Մի քանի օրից Ամանորն է ու Նարինեն հնարավորթյուն չունի այն նշելու.

«Փարոսն ու թոշակը ստացել եմ, բոլոր պարտքերս փակել եմ , կոմունալներ, վարձ տվել եմ, որ պարտք չունենամ, էլ գումար չունեմ, որ Նոր տարի նշեմ: Էրեխեքս ամեն օր ասում են. «Ձմեռ պապիկը գալու է, տոնածառ ենք ուզում, սա ենք ուզում, նա ենք ուզում ու չգիտեմ ինչ պատասխանեմ: Էսօրվա դրությամբ, էրեխեքս ոչ տաք կոշիկներ ունեն, ոչ նոր հագուստ, ստեղից-ընդեղից տալիս են հագնում են, նոր հագուստ տեսած չկան»,-պատմեց Նարինեն:

Նարինեի երազանքը մեծ չէ, երեխաների համար տոնածառ է ուզում, մի քիչ էլ հնարավորություն նրանց կյանքը փոքր-ինչ բարեկեցիկ դարձնելու համար:

Նարիների հեռախոսահամարն է 077280027: