1in.am-ը գրոում է.

Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախօրեին այցելել է Գյումրի և արել մի շարք հայտարարություններ, որոնք անուղղակի, սակայն բավականին թափանցիկ կերպով եղել են կառավարության գործունեության արդյունքներից դժգոհության արտահայտություն: Եվ սա տեղի է ունեցել այն տնտեսական ցուցանիշների, մասնավորապես 7 տոկոս աճի մասին հայտարարությունների ֆոնին, որ հնչել են կառավարության տարբեր աղբյուրների և նույնիսկ Սերժ Սարգսյանի շուրթերից, որը ևս իր գոհունակությունն է հայտնել կառավարության աշխատանքից:

Մյուս կողմից սակայն, պետք է նկատել, որ Սերժ Սարգսյանը շարունակում է Ծառուկյանի հետ ձեռք-ձեռքի տված մարտավարությունը, երբ առանցքային քաղաքական իրավիճակներում Սարգսյանը հանկարծ նրա հետ մասնակցում է որևէ միջոցառման, ցույց տալով, որ եթե Ծառուկյանն ընդդիմություն է, ապա հաստատ ոչ Սարգսյանին: Եվ այս իմաստով, ստացվում է, որ Սարգսյանը կառավարության հետ խոսում է մտրակի և կարկանդակի լեզվով, մի ձեռքով մատուցում է կարկանդակը, բայց մյուս ձեռքով անմիջապես ցույց է տալիս մտրակ, հիշեցնելու համար, թե ով է դրության տերը:

Մյուս կողմից, 2018-ի գլխավոր ինտրիգի համատեքստում այս հարցը ստանում է բոլորովին այլ երանգ և Ծառուկյանն այս առումով դառնում է այն բազմաբեվեռ համակարգի հակակշիռներից մեկը, որով Սերժ Սարգսյանը ունենում է անգամ դե յուրե իշխանությունից դուրս գտնվելու պարագայում իրավիճակը կառավարելու գրեթե լիարժեք հնարավորություն: Այդ հնարավորությունը ապահովվում է թե իշխանության բազմաբեվեռությամբ, թե նաև ընդհանուր այսպես ասած քաղաքական համակարգի, որտեղ Ծառուկյանը զբաղեցնում է ընդդիմության նշաձողը:

Եվ ավելին, եթե հաշվի առնենք այն, որ Սարգսյանը կարող է հեռանալ դե յուրե իշխանությունը, այդ պարագայում Ծառուկյանը դե ֆակտո դառնում է առավել ՙդասական՚ ընդդիմություն, քանի որ ընդդիմություն է դառնում արդեն հենց Առաջին դեմքին՝ վարչապետին:Սրան զուգահեռ, այդ ընդդիմության առկայությունը Սարգսյանին թույլ է տալիս կառավարել ոչ միայն վարչապետին, եթե այն ինքը չէ՝ 2018-ի ապրիլից հետո, այլ նաև խորհրդարանական մեամասնությանն ու կուսակցական պոլիտբյուրոն, նաև կոալիցիոն գործընկեր Դաշնակցությանը:

Տեսականում իհարկե կա տարբերակ, երբ այստեղ ձևավորվում է լայն կոալիցիա ընդդեմ Սերժ Սարգսյանի: Գործնականում սակայն դա անհնար է, քանի որ մի քանի սուբյեկտ մինչ կպայմանավորվեն միմյանց հետ, նրանցից յուրաքանչյուրը սովորաբար շատ ավելի արագ պայմանավորվածության է գալիս Սերժ Սարգսյանի հետ:

Նյութի աղբյուրը՝ 1in.am