«Ծառուկյան» դաշինքը նախագահի թեկնածու չի առաջադրի։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին Գյումրիում «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասել է խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

««Ծառուկյան» դաշինքը երբեք ու երբեք չի պարտվելու: Եթե մեր քանակը այսօր քիչ է, ինչի՞ հիման վրա մենք պետք է դնենք, ուզում եմ մի հատ հասկանամ: Եթե մերը 31 պատգամավոր է՝ հարկավոր է 75-ը, ինչի՞ համար պետք է դնենք: Մենք մեր ծանր տեղը երբեք չենք թեթեւացնելու», - հայտարարել է դաշինքի առաջնորդը:


Փոփոխված Սահմանադրությամբ՝ հաջորդ տարվա ապրիլից երկրի առաջին պաշտոնյան ոչ թե նախագահն է լինելու, այլ՝ վարչապետը: Նախագահին ընտրելու է Ազգային ժողովը՝ 7 տարի ժամկետով: Նախագահ կդառնա այն թեկնածուն, որին կհաջողվի ստանալ պատգամավորների ընդհանուր թվի երեք քառորդի, այսինքն՝ 105-ից առնվազն 79-ի ձայները։

Հիշեցնենք, 9-հոգանոց «Ելք» ընդդիմադիր խմբակցությունը որոշել է նախագահի թեկնածու առաջադրել պատգամավոր Արտակ Զեյնալյանին եւ գրավոր դիմել է 31 մանդատ ունեցող «Ծառուկյան» խմբակցությանը՝ առաջարկելով Զեյնալյանի թեկնածության առաջադրման հարցով խորհրդակցություններ անցկացնել: Նախագահի թեկնածու առաջադրելու համար նույնպես շեմ է սահմանված՝ նրան պետք է առաջադրեն առնվազն 27 պատգամավորներ:

Հարցին՝ պատրաստվո՞ւմ են արդյոք սատարել «Ելք»-ի թեկնածուին, խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարն արձագանքեց․ - «Դեռ ինձ այդ թուղթը չի հասել: Անցնենք առաջ, ուրիշ»: