Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում շենքերից մեկի նկուղային հարկում 14 զավակ ունեցող անապահով մի ընտանիք է ապրում, որն անգամ նպաստ չի ստանում:

Նրանց է այցելել Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը եւ Facebook-ի իր էջում ներկայացրել ընտանիքի ապրելու պայմաններումն ու նրանց պատմությունը:

Տեսանյութում երեւում է, որ ընտանիքն ապրում է նկուղային, անմխիթար կացարանում: Ընտանիքը չունի կաhույք, պահարաններ, հագուստը տոպրակներով ու արկղերով շարված է սենյակի մի անկյունում:

Բազմազավակ ընտանիքի հայրը ազատամարտիկ է, ունի 14 զավակ, որից երկուսն ամուսնացել են: «Մենք նպաստ էլ չենք ստանում, ո՛չ փարոս ենք ստանում, ո՛չ նպաստ, մի կերպ գոյատեւում ենք: Դիմել ենք սոցապնախարարին, մեզ ասել է, որ դուք ունեք 30 բալից ավելի հնարավորություն, բայց համարվում եք ոչ լիարժեք ընտանիք: Ասում են, որ իմ գրանցումը Քաշաթաղում է, Երեւանում հաշվառում չունեմ: Ես Երեւանի հաշվառումից դուրս եմ եկել, վերագրանցվել եմ Քաշաթաղում, գնացել եմ այնտեղ ապրելու: Հետո պայմաններս դժվարացել էին, չէի կարողանում երեխեքիս յոլա տանել, եկանք հետ Երեւան, բայց մեզ հաշվի չեն առնում»,-պատմեց ընտանիքի հայրը:

Նրա խոսքով, մի ամերիկահայ զանգել, առաջարկել է դոմիկով ապահովել, այդ խնդրով դիմել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին, սակայն մերժվել է. «Անգամ չթողեց խոսքս շարունակեմ, չորով ասաց՝ ոչ ես հող չունեմ»:

Ընտանիքի հայրը նշեց, որ ընտանիքում միայն ինքն է աշխատում, տաքսի է քշում, հազիվ յոլա է տանում . «Որոշ ժամանակ վարձով էինք մնում հենց էս շենքի 7-րդ հարկում, բայց վարձը չտալու պատճառով դուրս եկանք»:

Նրա խոսքով, խնդրել են քաղաքապետարանին իրենց ժամանակավոր մի փոքր կացարան տրամադրել, որ գոնե վարձ չվճարեն. «Բայց քաղաքապետարանի աշխատակիցը եկավ ոչ թե մեր սենյակը տեսնելու, թե ինչ պայմաններում ենք ապրում, այլ ինձ կանչեց դուրս ու առաջարկեց, որ երեխեքիցս մեկին վաճառեմ, որ մի տարվա վարձը կարողանամ տալ: Առաջարկեց երեխեքից մեկին վաճառեմ մի ֆրանսահայ մեծահարուստ բժշկուհու: Դա մեր քաղաքապետարանի աշխատողներն են, ի՞նչ կարող ես նրանցից պահանջել: Ասեց, արեք, մի մեծահարուստ կին կա, թող ձեր երեխաներից մեկին որդեգրեն, 1 տարվա վարձով գուցե օգնի:

Ես միայն պետությունից խնդրել եմ ինձ տալ երեխաներին հասանելիք նպաստը, հարգեն իմ երեխաներին, երեխաների իրավունքը չոտնահարեն: Մեկ էլ թեկուզ ժամանակավոր կացարանով օգնեն, ուրիշ բան չեմ ուզում: Ոչ մի պետական մարմնի դուռ չեմ գնացել ու չեմ ասել՝ երեխաներս սոված են, օգնեք: 11 ամիս է այստեղ եմ ապրում, ոչ ոք չգիտի՝ երեխաներս կուշտ են, թե սոված»,-ընդգծեց հայրը:

Նա նաեւ նշեց, որ այս տարածքը, որտեղ հիմա ապրում են, նախկինում ոչ ոք չի ապրել, իրենք եկել են ու առանց թույլտվության սկսել ապրել: Հիմա ոստիկանությունց եկել մինչեւ փետրվարի 5-ը ժամանակ են տվել, որից հետո պետք է ազատեն տարածքը. «Ուղղակի ոստիկանությունը խղճաց, ժամանակ տվեց մեզ»: