Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների եւ ավտոբուսների համար, փակ՝ բեռնատարների:

Կազմակերպված է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության օպերատիվ շտաբի եւ օպերատիվ խմբերի համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ օպերատիվ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսագործունեության պայմաններն ապահովելու համար:


Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 2 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր եւ մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը:

Ձեռնարկվում են բնակչության իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ ռադիոհաղորդակցության միջոցով:

Ժամը 08:30-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն դեկտեմբերի 29-30-ը Լարսի սահմանային անցակետը հատել է 2003 տրանսպորտային միջոց:

Սահմանային անցակետը դեռեւս չի գործում բնականոն ռեժիմով:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 354 բեռնատար:

Սակայն Լարսի անցակետի մոտ կուտակված բեռնատարների հայ վարորդները բոլորովին այլ իրավիճակի մասին են պատմում: MEWS.am-ի խմբագրություն զանգահարած վարորդներից Գեղամ Բարսեղյանը, մասնավորապես, նշել է, որ արդեն 7 օր է իրենք այնտեղ են եւ որեւէ մեկն իրենց օգնություն չի ցուցաբերում:

«Բազմաթիվ բեռնատարներ Վլադիկավկազ չհասած, սահմանից 60 կիլոմետր հեռավորության վրա կանգնած են եւ պատասխանատուներից ոչ ոք չկա, որից հնարավոր կլինի ճշտել, թե ինչքան ժամանակ են այդպես մնալու: Անելանելի վիճակում ենք, ոչ մեկի հետ էլ խոսալ չի լինում, արհամարհում են, անմարդկային վերաբերմունք ա լրիվ: Ոչ մեկը ոչ մոտենում է, ոչ ասում ա՝ ինչի կարիք ունեք, ոչ վրան կա, ոչ էլ սնունդ: Սահմանին հասնելու համար 7 կիլոմետր է մնացել, բայց 5 ժամում 200 մետր ենք անցել, երեւի երկու օր էլ այստեղ կմնանք»,-ասել է նա՝ հավելելով, որ վարորդներն իրենց մոտ սնունդ չունեն, սակայն, մոտակայքում կան խանութներ եւ այդ խանութներից են սնունդ գնում: