Արմավիրի մարզում, այսօր՝ հունվարի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 19։00-ի սահմաններում 55-ամյա Ալեքսան Մ.-ն Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, դեպի Երեւան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի 55 OQ 045 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ 39-ամյա Գրետա Ղ.-ին, 41-ամյա Իռա Շ.-ին, 49-ամյա Սուսաննա Գ.-ին եւ 45-ամյա Նաիրա Աղաջանյանին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածներից Սուսաննա Գ,-ն, Գրետա Ղ.-ն, Իռա Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, իսկ Նաիրա Աղաջանյանը տեղում մահացել է։

Վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական՝ դեպքի վայրից հեռացել է, սակայն կարճ ժամանակ անց ավտոմեքենան կայանել է վրաերթի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող CPS բենզալցակայանի մոտ, այնուհետ մեղայականով ներկայացել Ոստիկանության Մեծամորի բաժին։

Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (0.42 տոկոս խմած) վիճակում։ Աղբյուրի տվյալներով, վարորդը մեքենան այնքան արագ է վարել, որ վրաերթի ենթարկվածներից մահացածը մոտ 30 մետր շպրտվել է հանդիպակաց երթեւեկելի գոտի, իսկ նա եւ վիրավորները մասնակցելիս են եղել վրաերթի վայրի հարեւանությամբ գտնվող սգո սրահում իրենց ազգականի հոգեհանգստյան արարողությանը։