ԱՄՆ-ն սատարում է Իրանում փոփոխությունների եւ իշխանության խաղաղ փոխանցման շուրջ ցուցարարների կոչերը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք սատարում ենք իշխանության խաղաղ փոխանցումը եւ տեսել ենք այդ ձգտումն ինչպես 2009 թվականի ընտրությունների ժամանակ տեղ գտած ցույցերի ժամանակ, այնպես էլ այսօր»,- նշել է նա: Միաժամանակ, ԱՄՆ դիվանագետը հավելել է, որ Վաշինգտոնը դեմ է բռնություններին:

Պետքարտուղարի կարծիքով՝ ժողովրդական ելույթները մոտիվացված են, մասնավորապես, ժողովրդի դժգոհություններով կապված Իրանի իշխանությունների «ագրեսիվ պահվածքով», ինչն այդքան զայրացնում է ԱՄՆ-ին: «Մենք սատարում ենք Իրանի ժողովրդին, որպեսզի նրանք ավելի լավ կենսամակարդակ ունենան, ավելի մեծ ազատություն վայելեն»,- ընդգծել է Թիլերսոնը:

«Մենք հավատում ենք, որ նրանք արժանի են դրան, բայց միայն Իրանի ժողովրդից է կախված իշխանության խաղաղ փոխանցման կազմակերպումը»,- նշել է նա եւ հավելել, որ Վաշինգտոնն այդ հարցում աջակցում է իրանցիներին:

Պետքարտուղարը մեկ անգամ եւս ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմը հետեւում է Թեհրանի գործողություններին՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Իսլամական հանրապետության դեմ, եթե նա չփոխի իր վարքագիծը:

Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում՝ Թեհրանում, Մաշհեդում, Սպահանում եւ Ռեշտում, դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են տեղի ունենում: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ բողոքի ակցիաները պայմանավորված են երկրի ներքին խնդիրներով, ինչպես նաեւ այլ երկրների կողմից սադրանքներով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ անկարգությունների արդյունքում զոհվել է 20 մարդ։ Շուրջ 450 հոգի ձերբակալվել են Թեհրանում վերջին երեք օրերին։