ԱՊՊԱ պայմանագրեր կնքող մի քանի տասնյակ գործակալներ այսօր՝ հունվարի 8–ին Բագրատաշենի մաքսատան մոտ դարձյալ բողոքի ակցիա են արել։ Նրանք բողոքում են, որ Մաքսատան տարածքում «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն տարածք է վարձակալել եւ կնքում է ԱՊՊԱ պայմանագրեր։ Ընկերությունը աշխատում է անհավասար պայմաններում, ինչի հետեւանքով իրենք անգործ են մնացել; Ուշագրավ է, որ մաքսատան հարակից տարածք վարձակալելու հնարավորություն չեն ունեցել բազմաթիվ այլ գործակալներ, սակայն «Թոփ-Սփին» ՍՊԸ-ին թույլատրվել է։

Մինչ մաքսատան տարածք հասնելը ցուցարարները զանգահարել են պետական գույքի կառավարման վարչություն, տարածքը վարձակալելու պայմանագիրը վավերացրած նոտարին, ինչպես նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական Հայկ Զոհրաբյանին: Վերջինիս փոխանցել են «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի եւ պետական գույքի կառավարման վարչության միջեւ կնքված պայմանագրի պատճենը:

Նշենք, որ մաքսատան վարչական տարածքում գրասենյակ վարձակալած «Թոփ-Սփին» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: «Թոփ-Սփին»-ը «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործակալն է:

ԱՊՊԱ պայմանագրեր կնքող գործակալներից Արթուր Ամիրաղյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ կարճ ժամանակով անցակետ տանող ճանապարհն են փակել՝ ի նշան բողոքի, որից հետո ավարտվել է բողոքի ակցիան։ Եթե իրենց բողոքին չարձագանքեն, վաղվանից վերսկսելու են ակցիաները։