Ֆրանսիան պետք է ընտրողական քաղաքականություն վարի միգրանտների նկատմամբ: Այս մասին հայտարարել է աշխարհահռչակ շանսոն երգիչ Շառլ Ազնավուրը France 2 ալիքի եթերում, նրան այնտեղ հրավիրել էին վրացական արմատներ ունեցող դաշնակահարուհի Կատյա Բունիաթիշվիլիի հետ, հաղորդում է Huffingtonpost-ը:

93-ամյա երգիչը նշել է, որ պետք է ներգաղթյալների նկատմամբ ընտրողական քաղաքականություն վարել:

«Ինչ վերաբերում է միգրանտների նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականությանը, ապա մենք պետք է հասկանանք, թե ում հետ գործ ունենք: Այդ մարդկանց թվում, իհարկե, կլինեն այնպիսիք, որոնք մեզ օգտակար կլինեն: Ճիշտ է, մենք բոլորին ընդունել չենք կարող: Դա նորմալ եւ հեշտ չէ: Բայց մենք կարող ենք նրանք դասակարգել: Ի վերջո, մեզ համար շատ հետաքրքիր մարդիկ կարող են այստեղ գալ: Գուցե նրանք ապագա հանճարներ են»,-ասել է Ազնավուրը։

Ազնավուրի մարդկանց դասակարգելու առաջարկը համացանցում բուռն դժգոհություն է առաջ բերել օգտատերերի շրջանում։

Ազնավուրը հիշեցրել է ֆիզիկայի եւ քիմիայի բնագավառներում Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր Մարի Կյուրիի օրինակը, որը լեհ ներգաղթյալ է եղել։