1in.am-ը գրում է.

Հայաստանի հանրությունն արդեն մի քանի օր շարունակ ակտիվորեն քննարկում է հունվարի 8-ի լուսադեմին տեղի ունեցած ողբերգական վթարը, որին զոհ դարձավ ՃՈ երկու երիտասարդ ծառայող: ԲՄՎ մակնիշի ամենագնացը խաչմերուկում հարվածել էր ՃՈ «Տոյոտա»-ին՝ դառնալով ոստիկանների մահվան պատճառ:

Հանրության բուռն քննարկումներն ու արձագանքները թեժացրել էր այն հանգամանքը, որ ԲՄՎ-ի վարորդը եղել էր քրեական հեղինակություն «Ճվճվ Արոյի» որդին, որն ինքն էլ բազմաթիվ անգամներ հայտնվել է աղմկոտ պատմություններում, ձերբակալվել, սակայն, ինչպես ասում են, ջրից չոր է դուրս եկել հայաստանյան հայտնի ավանդույթների և օրենքների տրամաբանությամբ: Կրակի վրա յուղ լցրեց նախօրեին հրապարակված վթարի տեսանյութը, որում երևում է, որ ոստիկանության մեքենան կարմիր լույսի տակ է մուտք գործում խաչմերուկ: Ով է մեղավոր և ում մեղքով է տեղի ունեցել ողբերգությունը՝ կպարզի քննությունը, թեև երկու երիտասարդի կյանքը հետ բերել այլևս հնարավոր չէ:

Այստեղ, սակայն, հարկ է անել կարևոր մի դիտարկում և տարբերակել երկու հանգամանք՝ «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությունը և Հայաստանում հերթական ողբերգական ՃՏ պատահարը՝ մահվան ելքով: Այն, որ Հայաստանում կան տարաբնույթ հեղինակություններ, նրանց որդիներ, քրոջ որդիներ, եղբոր որդիներ և այլ հարազատներ, բարեկամներ, քավորներ, սանիկներ ու խնամիներ՝ հայաստանյան իրականության թարախապալարներից մեկն է, որ քայքայում է պետության առողջությունը կամ պարզապես թույլ չի տալիս պետություն դառնալ: Եվ այստեղ արդեն դաժան, ողբերգական խորհրդանշականությունն է, որ այդ, այսպես կոչված, շերտը պարբերաբար և դժբախտաբար նաև շատերի կյանքի գնով հայտնվում է տարբեր աղմկոտ պատմություններում և հասարակության քննարկումներում:

Մյուս կողմից՝ խնդրի այդ կողմն ունի նաև այլ ասպեկտ. Հայաստանում այդ շերտի գոյությունը ապահովվում է ոչ միայն իշխանության համակարգի թողտվությամբ, այդ շերտի հետ փոխադարձ կապվածությամբ և տարատեսակ գործարքների առկայությամբ, որոնց նպատակը ընդհանուր առմամբ համակարգի վերարտադրությունն է, այլ նաև հասարակական որոշակի հենարանի առկայությամբ: Պետք է ընդունել, նայելով ճշմարտության աչքերին, որ Հայաստանի հանրային միջավայրում այդօրինակ շերտերը ոչ միայն միարժեք և աներկբա մերժվող շերտեր չեն, այլև նույնիսկ շոշափելի գերակշռությամբ մերժվողներ չեն:

Այդ առումով խնդիրը իրականում չափազանց ընդգրկուն ու լայն է և այսօր դրսևորվում է ՃՏՊ տեսքով, վաղը՝ որևէ այլ պատահարի, կրակոցի, խուլիգանության և այլնի, իսկ խորքում, հիմքում, սակայն, ունի իր հիմնարար պատճառներն ու հիվանդության օջախները: Հանրությունը, ցավոք, ավելի շատ ժամանակ ու էներգիա վատնում է տեսարանները դիտարկելու, քան խորքային պատճառները քննարկելու վրա:

Մյուս՝ երկրորդ հանգամանքը արդեն անմիջականորեն երևանյան կամ հայաստանյան երթևեկության խնդիրն է: Երթևեկություն, որը հնարավոր է առանց վարանելու բնորոշել խայտառակություն բառով, սակայն հաշվի առնելով դրա մահաբերությունը՝ կարելի է որակել ուղղակի սարսափ: Դա գուցե թվա գույների խտացում, սակայն երբ 3 միլիոնից էլ պակաս բնակչությամբ Հայաստանում ավտովթարներից ու վրաերթերից տարեկան մահանում է մոտ 300 կամ ավելի մարդ, դա դժվար է այլ կերպ բնորոշելը:

Եվ այստեղ էլ, սակայն, ամենասարսափելին թերևս այն է, որ այդ իրողության արմատներն էլ ոչ միայն իշխանության պատասխանատվության և գործողությունների դաշտում են՝ ինչ խոսք, անքննարկելի առաջնային և անվերապահ պատասխանատվության դաշտում, այլև, այդուամենայնիվ, նաև հանրային գիտակցության, արժեքների, նաև վերաբերմունքի դաշտում:

Այս երկու ասպեկտները ոչ միայն հուշում են, այլև պարտադրում, որ առավել ևս եթե իշխանությունը կամ չի ուզում, կամ չափազանց դանդաղ է մտնում այդ հարցում պատասխանատվության դաշտ, հասարակությունը պարտադրված է հնարավորինս արագ դուրս գալ զուտ տեսարանային հանդիսատեսի դաշտից և լրջորեն մտածել ճանապարհային երթևեկության սարսափելի և խայտառակ իրավիճակը շտկելու իր հասանելիք քայլերի մասին: Մենք առանց այդ էլ շատ կյանքեր ենք թողնում սահմաններին, թիկունքի ճանապարհներին կյանքեր թողնելու իրավունք մենք չունենք: Հասարակությունը պետք է կատարի ու նաև պահանջի քայլեր իշխանությունից, քայլեր ամենատարբեր ուղղություններով՝ ճանապարհային անվտանգության տեխնիկական միջոցառումներից մինչև կանխարգելիչ քաղաքականության ամենատարբեր քայլեր: Պետք է միարժեք ու հստակ դնել չավարտվող պատերազմին զուգահեռ ընթացող ճանապարհային այդ պատերազմը դադարեցնելու խնդիրը:

 Նյութի աղբյուրը՝ 1in.am