«Սասնա ծռեր» 3-ի գործով դատական նիստն այսօր` հունվարի 10-ին, մեկնարկելուց անմիջապես հետո 3 ժամով ընդմիջվեց: Ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը գրություն էր ուղարկել դատարան` տեղեկացնելով, որ մեկ այլ դատական նիստի է եւ միայն ժամը 14:00-ին կարող է ներկայանալ դատարան: Դատարանը որոշում կայացրեց նիստն ընդմիջել, մինչեւ պաշտպանի դատարան ներկայանալը:

2017թ. դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանի շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը նշեց, որ իր պաշտպանյալը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը եւ դատարանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի նրա պահանջը` «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու վերաբերյալ, կատարվի:

Արմեն Բիլյանն էլ նշեց, որ չի դադարեցնելու հացադուլը. «Ես դուրս չեմ գալու հացադուլից, իմ մահն եք ուզում` կստանաք, բայց իմ մահի համար պատասխան եք տալու ժողովրդի առաջ»,-ասաց նա:

Ամբաստանյալներից Գեւորգ Եղիազարյանն էլ զինված ապստամբության կոչ արեց. «Մարդկանց հետ ոնց ուզում վարվում են. կոչ եմ անում գիտակից հանրությանը, սա դառնալու է Հաց բերողի պատմությունը, որից հետո նոր դուրս եք գալու բողոքի ցույցերի, կանխեք: Զինված ապստամբության կոչ եմ անում հանրությանը ես հենց հիմա, սատկացրեք ցեղասպան ռեժիմին»:

Նշենք, որ նիստի ընթացքում Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը վատացավ: Նիստը ընդմիջվեց:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: