1in.am-ը գրում է.

Երեկ հրապարակվել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության զեկույցը, որը փաստում է, որ Ռուսաստանը միջամտում է եվրոպական 19 երկրների ներքին գործընթացներին` ոտնձգություն կատարելով դեմոկրատիայի և օրենքի իշխանության դեմ: Ընդ որում, դեմոկրատները Դոնալդ Թրամփին մեղադրում են անգործության մեջ: Ամերիկյան այս զեկույցում ընդգրկված 19 երկրների ցանկում, անշուշտ, չկա Հայաստանի անունը, որովհետև Մոսկվան ոչ թե միջամտում է, այլ ամբողջովին վերահսկում է մեր երկրի քաղաքական համակարգը, ընտրական գործընթացը: 1999-ից սկսած` Հայաստանում ոչ մի ընտրություն առանց Մոսկվայի չի անցնում, հետընտրական գործընթացները հանգուցալուծվում են Մոսկվայի միջամտությամբ: Բացառություն են եղել 1999թ-ի խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում ձևավորված իշխանությունը, ըստ ամենայնի, Մոսկվայի պատվերով գնդակահարվեց Հայաստանի խորհրդարանում:

1998-ի և 2003-ի նախագահական ընտրությունների իրական ֆավորիտները` համապատասխանաբար Կարեն ու Ստեփան Դեմիրճյանները, ըստ էության, փոշիացրեցին իրենց ընտրական հաղթանակը, որովհետև հաջողության բանալին փնտրում էին ոչ թե հասարակության աջակցության, այլ` Կրեմլի «դաբրոյի» մեջ: Բազմափորձ Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ հաղթահարել ռուսական սցենարը, նույնիսկ ամբողջովին ինտեգրվեց դրան` մսխելով համաժողովրդական շարժման մեծ պոտենցիալը: Անգամ ՍՄՆ-ում ծնված-մեծացած ու ռուսերեն չիմացող Րաֆֆի Հովհաննիսյանը 2013-ի նախագահական ընտրություններից հետո անմիջապես շտապեց Մոսկվա` Պուտինի «բարևին» արժանանալու նպատակով` Երևանում անտեր թողնելով իր «Բարևի հեղափոխությունը»:

Հայաստանի իշխանության վերահսկիչ փաթեթը գտնվում է ռուսների ձեռքին ու դա վաղուց հասկացված, «մարսված» է: Տարօրինակ է, որ ռուսներին է պատկանում նաև Հայաստանի ընդդիմությունը, որն իր կոչումով և առաքելությամբ պետք է այլընտրանք լիներ: Հայաստանը վերածվել է երկրի, որտեղ Ռուսաստանը միջամտության անհրաժեշտություն անգամ չունի, որովհետև առանց դիմադրության վերահսկում է ամեն ինչ՝ կոռումպացված իշխանությանն ու անատամ ընդդիմությանը:

Այս նվաստացուցիչ վիճակն այնքան օրինաչափ է դարձել, Հայաստանն այնքան է կորցրել իր սուբյեկտությունը, որ միջազգային զեկույցներում մեր երկիրն անգամ չի հիշատակվում` թերևս անդառնալիորեն ընկալվելով ռուսական վասալի անպատվաբեր կարգավիճակում: ԱՄՆ պաշտոնական շրջանակները կամ Դեմոկրատական կուսակցությունը խոսում են եվրոպական այն երկրների մասին, ովքեր դիմադրում են ռուսական շանտաժին ու ռուսական ինֆորմացիոն տեռորին և արտաքին աջակցության կարիք ունեն: Հայաստանը նման աջակցության անհրաժեշտություն չունի, որովհետև իր բոլոր սեգմենտներով տրվել է Ռուսաստանին` առանց դիմադրության և ընդվզումի: Հայաստանը կուլ է տվել Հոկտեմբերի 27-ի նվաստացումը` իրեն դատապարտելով ամոթալի ներկայի ու անհեռանկար ապագայի:

Նյութի աղբյուրը՝ 1in.am