Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 11-ին, ժամը 07:14-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 139-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի 34 VC 738 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 54-ամյա Ս. Լ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը մոտ 15 մ, ինչի հետեւանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը 72-ամյա ուղեւոր Գ. Ս.-ն տեղի ուժերով հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր կայուն: