Երեւան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերությունը, որը ուղեվարձը 400 դրամից բարձրացրել է 500 դրամի, դրա իրավունքն ունեցել է: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Ես կարող եմ հայտարարել, որ այդ երթուղին շահագործող ընկերությունը մրցույթը ժամանակին շահել է 500 դրամով, հետեւաբար իրավունք ուներ իր հաշվին այդ գինը իջեցնելու, բարձրացնելու իրավունք չուներ: Այսօր բերել է մրցույթի գնին համապատասխան, բայց հնարավոր է ժամանակի ընթացքում նորից փոխի այդ որոշումը եւ շարունակի աշխատել 400 դրամով»,-ասաց նա։

Հարցին, թե կա՞ն ուրիշ ընկերություններ, որոնք նույն տրամաբանությամբ կարող են սակագինը բարձրացնել, նախարարը պատասխանեց, որ կան մի քանի ընկերություններ, բայց այդ ընկերությունների անվանացանկը չի կարող նշել. «Մենք միասնական տրանսպորտային համակարգ ենք ներկայացնում, եւ այդ միասնական համակարգով ընդհանուր պատկերը կփոխվի: Մեր կողմից ուսումնասիրություն կանենք բոլոր այն ընկերությունների հետ կապված, որոնք նման քայլի կգնան: Մենք կնայենք, թե իրենց առաջարկած գինը համապատասխանո՞ւմ է իր ստացած շահույթին, գերշահույթ է, թե ոչ: Դրանից հետո համապատասխան մեր որոշումը կկայացնենք»,-ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ այս տարվա առաջին եռամսյակում տրանսպորտային միասնական ցանցը կներկայացվի, որը կհամակարգի ուղեվարձի հարցը: