Lragir.am-ը գրում է.

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին՝ 17-ամյա Ռազմիկը, անցյալ տարվա հունիսին մահացու վրաերթի էր ենթարկել 58-ամյա Վալերի Թորոսյանին: Հարուցվել էր քրեական գործ, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր: Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Ռազմիկ Դանիելյանը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում թույլ չէր տվել եւ չէր կարող կանխել վրաերթը:
Այս եզրակացությունը հետաքրքիր էր նրանով, որ այդ ժամանակ Ռազմիկ Դանիելյանն անչափահաս էր եւ իրավունք չուներ մեքենա վարել: Այդ մեկ: Երկրորդ՝ նա վարել էր հոր ծառայողական մեքենան եւ դրանով մահացու վրաերթի ենթարկել քաղաքացուն:
Նախաքննության ողջ ընթացքում նկատելի էր, թե ինչպես են ՀՀ իրավապահները քափ ու քրտինք մտած, օրենքի վերջին ստորակետն օգտագործելով «փրկում» Ռազմիկ Դանիելյանին: Իր հեթին, նախաքննության ընթացքում նա ստացավ դպրոցական ոսկե մեդալ եւ լուսանկարվեց Սերժ Սարգսյանի հետ, ինչն արդեն իսկ «իշմար» էր իրավապահներին:
Սերժ Սարգսյանն այդ օրերին Դիլիջանում ՏԻՄ-երին նվիրված ծավալուն ելույթում մի շարք կարեւոր հայտարարություններ էր արել՝ մասնավորապես նշելով. «մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար եւ այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլեւս հանդուրժել»:
Ըստ ամենայնի, Հրազդանի այս պատմությունը ձեռքերը կեղտոտելու դեպքը չէր:
Օրերս մեկ այլ ողբերգական վթար տեղի ունեցավ, որին զոհ գնաց երկու ոստիկան: Վրաերթի հեղինակը հանրությանը հայտնի Ճվճվ Արոյի որդին է: Ընդհանրապես, նրա որդիները նախկինում էլ հայտնվել են քրեական աղմկոտ պատմություններում ու վրաերթերում, զրկվել վարորդական իրավունքից, բայց երեւում է դրանք մշտապես ձեւակերպվել են Սերժ Սարգսյանի նշած «դժբախտ պատահարներ»: Ի՞նչ կլինի այս անգամ:
Ավելորդ է ասել, որ եթե պաշտոնյաների, քրեական դեմքերի տեղում լինում են «շարքային քաղաքացիներ», իշխանության այդ «նախադեպը» նրանց վրա չի տարածվում: Այդ պատճառով, որքան էլ Սերժ Սարգսյանը հղում անի իրենցից չկախված հանգամանքներին, իրականությունն այն է, որ անպատժելիությունը ծնում է նորանոր հանցագործություններ ու պատահարներ, եւ այդ իմաստով իշխանությունն ուղիղ պատասխանատվություն է կրում դրանց համար:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am