«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի «Արաբկիր» բժշկական համալիրում հակված չեն մանրամասներ հայտնել նախորդ գիշեր գրանցված երեխայի մահվան դեպքի վերաբերյալ: Զարգացման արատներ ունեցող այս երեխան հոսպիտալացվել էր շնչառական վարակների պատճառով բարդացած վիճակի կապակցությամբ:

Հավելյալ տեղեկությունները, որոնք փորձեցինք բուժհաստատությունում պարզել, այնքան էլ ամբողջական չեն, որովհետև թե՛ վերակենդանացման բաժանմունքի և թե՛ թոքաբանական բաժանմունքի ղեկավարները հրաժարվեցին ներկայացնել կատարվածը:

Բուժաշխատողների շրջանում մեր հարցումների ընթացքում, սակայն, հաջողվեց պարզել, որ մահացած երեխան 6-7 տարեկան աղջիկ էր՝ Մերին: «Արաբկիրի» թոքաբանական բաժանմունք ընդունվել էր վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Մահվանից մեկ օր առաջ տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք:

Մերին Երևանի բնակիչ էր: Բժիշկներից մեկը, հրաժարվելով խոսել ձայնագրիչի առկայությամբ, նշում էր, որ աղջիկն այս կենտրոն հաճախ է ընդունվել: Նա առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, երկար ժամանակ պայքարել են նրա կյանքը երկարացնելու համար, և հիմա էլ, չնայած այս անգամ դա չի հաջողվել, երեխայի մայրն իրենցից շնորհակալություն է հայտնել: Նշում էին, որ նա աղջկան միշտ միայնակ ու դժվարությամբ է հիվանդանոց հասցրել:

Ավելի վաղ անդրադարձել ենք, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Արաբկիր» բժշկական համալիրում նախորդ գիշեր երեխա է մահացել:

Համալիրի բժշկական տնօրեն Նինա Արիկյանցը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը, բայց դեպքի վերաբերյալ ամբողջական տեղեկություն չտրամադրեց:

Ասաց, որ երեխան գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, ունեցել է ծանրագույն նևրոլոգիական խնդիրներ՝ զարգացման խորը հապաղումով: Չհերքեց նաև, որ նախկին առողջական խնդիրներին գումարվել են նաև ռեսպերատոր խնդիներ: Այսինքն՝ սուր շնչառական վարակները:

Նինա Արիկյանցը հիշեցրեց, որ «Արաբկիրը» պիոներական ճամբար չէ, որտեղ երեխաները գնում են հանգստանալու: «Քիչ թե շատ ինտելեկտ ունեցող ցանկացած մարդ հասկանում է, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդը կարող է և մահանալ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, որ փաստորեն երեխայի մահվանը նպաստել են շնչառական վիրուսները և դրանք չլինելու դեպքում նա կարող էր չմահանալ, բուժհաստատության տնօրենը պատասխանեց. «Ցանկացած բնածին արատ ունեցողի մահվան մեջ ինչ-որ դրդապատճառ պետք է լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: