ՀՀ Ազգային ժողովի խորհուրդն այսօր՝ հունվարի 12-ին, նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության է հրավիրված եղել: NEWS.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են խորհրդարանական կառավարման համակարգի անցման հետ կապված հարցեր, նրա խոսքով, նախագահը կարեւորել է խորհրդարանական կառավարման ձեւի անցման փուլում խորհրդարանի բացառիկ դերակատարությունը:

«Անցումը պիտի լինի հստակ, սահուն, օրենքին համապատասխան, բոլոր ինստիտուցիոնալ հիմքերի պատշաճ ամրագրմամբ, որպեսզի սահմանված ժամկետներում եւ ընթացակարգերով ապահովվի պետական բոլոր մարմինների բնականոն գործունեությունը կառավարման նոր ձեւի պայմաններում»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նշենք, որ խորհրդակցությանը ներկա են եղել Արփինե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանը, պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Խոսրով Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանը, Հակոբ Հակոբյանը: