ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում հունվարի 16-ին տեղի ունեցած վթարի հանգամանքները:

2018 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Գետառ գետը: Ավտոմեքենայի վարորդ Ռ.Գալստյանը վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, ուղևոր Ա. Տեր-Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Ըստ Shamshyan.com-ի՝ վթարի վայրի հարեւանությամբ բնակվողներ ասել են, որ վթարի պատճառը եղել են թափառող շները. վարորդը փորձել է խույս տալ շներից եւ չի կարողացել կառավարել ավտոմեքենան։

Yerkir.am-ի տեղեկություններով՝ վթարի զոհ դարձած երիտասարդը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի որդին է` Ռոբերտ Գալստյանը: