«Էս երկրում լուրջ պրոբլեմներ կան ժողովրդի հետագայի հետ կապված և ավելի են գնալով խորանալու: Օրվա հացի, հանապազօրյա հացի լուծում ա գալիս: Ես շրջանում եմ ապրում, գիտեմ ինչ է կատարվում: Մենք փողոց ենք դուրս գալիս, որ էդ կանխենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը` խոսելով թանկացումների ու նախատեսվող երթի մասին:

Ըստ նրա` իշխանափոխության տանելու համար ժողովրդին էս օրը գցեցին, և ընդդիմությունը վերացավ, մնաց ընդդիմադիրների մի փոքր մաս: Ս. Միքայելյանի կարծիքով` երթին պետք է միանա ազգաբնակչությունը` իր սոցիալական վիճակից ելնելով:

Հարցին` եթե ժողովուրդը պահանջի իշխանափոխություն, «Ելքը» կգնա՞ դրան, Ս. Միքայելյանը պատասխանեց. «Եթե մի 50-100 հազար մարդ պահանջի, մենք ո՞վ ենք՝ չգնանք, մեծ սիրով կգնանք»:

Նա նշեց, որ խորհրդարանական հարթակում ինչ հնարավոր է՝ արվել է, և այն միակ հարթակն է, որ ավելի հասանելի է բնակչությանը, բայց քաղաքական մեծամասնությունը «դակում» է, ու իրենց նախաձեռնությունները չեն անցնում:

Ս. Միքայելյանի խոսքով` այսօր վիճակը լուրջ է, ազգային անվտանգության հարց է, քանի որ այսպես շարունակվելու դեպքում արտագաղթը հզորանալու է:

Հաջորդ շաբաթ թանկացումների հարցով ԱԺ-ում նախատեսվող լսումների մասին Ս. Միքայելյանը նշեց, թե դա քայլ է՝ կանխելու դժգոհությունը, հնարավորինս զսպելու, բայց դա մարդկանց չի խաբի.

«Էս հեքիաթները, էս պատմությունները, օղորմած տատս կասեր` էս նաղըլները իշխանության՝ ժողովուրդը հերիք ա լսի, հասկանո՞ւմ եք: Եթե ժողովուրդն էսօր էլ չի պատկերացնում՝ ինչ ա կատարվում, ես չգիտեմ»: