Հունվարի 18-ին կայացել է Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը, որտեղ ներկայացվել է Երեւանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը:

Քաղաքապետարանից  հայտնում են, որ աշխատանքային խմբի ղեկավար, Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է խորհրդատու WYG ընկերության կողմից մշակված հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը, որը մասնագիտական ուսումնասիրության է ենթարկվելու աշխատանքային խմբի անդամների կողմից եւ համապատասխան դիտարկումներից ու առաջարկներից հետո վերջնականացվելու է։

Վահե Նիկոյանը նշել է, որ ցանցի նախագիծը հասարակական տրանսպորտի նոր համակարգի ձեւավորման հիմքն է, եւ սա բարեփոխման ամբողջ գործընթացի որոշիչ փուլերից մեկն է։ Ըստ այդմ, անհրաժեշտ է մինչեւ վերջնական տարբերակի հաստատումը հաշվի առնել բոլոր առանձնահատկություններն ու մասնագիտական խմբի եւ հանրության դիտարկումները։

Նշվել է, որ նոր նախագծով խորհրդատու կազմակերպության մասնագետները կարողացել են լուծել բարեփոխման հիմքում դրված կարեւորագույն խնդիրը՝ առաջարկելով օպտիմալ լուծումներ։

Մասնավորապես, նոր նախագծով առաջարկվում է շուրջ երեք անգամ կրճատել առկա տրանսպորտային միջոցների եւ գծերի քանակը։ Ըստ այդմ, ներկայիս երթուղային 115 գծերի փոխարեն կգործի 42 երթուղի, իսկ առկա 2039 փոխադրամիջոցների փոխարեն՝ 939 տրանսպորտային միջոց։ Նոր ցանցի տրամաբանությամբ` տրանսպորտային միջոցները, ի տարբերություն առկա համակարգի, գործելու են փոխլրացման սկզբունքով։

«Ներկայացված նախագծով բացառվելու են կրկնվող գծերը։ Միեւնույն ժամանակ տրանսպորտային միջոցները հավասարապես հասանելի են լինելու մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ ուղեւորների համար ապահովելով անվտանգ, հուսալի եւ պատշաճ սպասարկում։ Ի պատիվ խորհրդատու կազմակերպության, պետք է նշեմ, որ իսկապես մանրակրկիտ աշխատանք է կատարվել նոր ցանցի նախագծման շրջանակում, որի շնորհիվ շուրջ երեք անգամ կրճատվում է առկա տրանսպորտային միջոցների եւ գծերի քանակը, որոնք նախկինում ձեւավորվել էին իրավիճակային լուծումների հետեւանքով եւ որպես այդպիսին տրամաբանական ցանց չէին կազմում։ Հարկ է նաեւ նշել, որ նոր ցանցի նախագծման համար այսօր առկա երթուղիները հիմք չեն հանդիսացել», - նշել է Վահե Նիկոյանը։

Համաձայն նախագծի՝ նոր ցանցը նախատեսված է ավտոբուսների, տրոլեյբուսների եւ մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի համար եւ բացառում է միկրոավտոբուսների շահագործումը։ Բացի այդ, հաշվի են առնվել մի շարք նորմատիվներ, որոնք վերաբերում են ճանապարհների եւ ներկայիս կանգառահատվածների թողունակությանն ու տեխնիկական հնարավորություններին, ուղեւորահոսքերի ծավալին, տրանսպորտային միջոցների ժամանման հաճախականությանը։

Հիշեցնենք, որ հասարակական տրանսպորտի մասնագիտորեն հիմնավորված ցանցի նախագծումը, որպես այդպիսին, Հայաստանում առաջին անգամն է իրականացվել։

Նոր ցանցի մասնագիտական ուսումնասիրությանն ու վերջնական հաստատմանը հաջորդելու են բարեփոխման մյուս փուլերի շուրջ աշխատանքները, ինչպես նաեւ նոր ցանցի առանձնահատկությունների վերաբերյալ հանրային լայն իրազեկումը։

Երեւանի ավագանին հաստատեց 2018-ի զարգացման ծրագիրը. Կլուծվի Երեւանի տրանսպորտի խնդիրը
Երեւանի տրանսպորտի երթուղային նոր ցանցի նախագծման աշխատանքներն ավարտվել են:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am