ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 19-ին, նախագահական նստավայրում ներկայացրել է Հանրապետական կուսակցության կողմից առաջադրած հանրապետության նախագահի թեկնածուի անունը: Նա Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է: Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունել է Արմեն Սարգսյանին եւ առաջարկել է նրան դառնալ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու՝ ՀՀԿ-ի կողմից։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մտավորականների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նշել էր, որ ապագա նախագահը պետք է լինի անկողմնակալ մարդ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել, հեղինակություն է վայելում Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս:

Արմեն Սարգսյանը ծնվել է 1953 թվականին: Հետազոտությունների միջազգային ինստիտուտի եւ Բրիտանական աստղագիտական ընկերության, Համահայկական ակադեմիական եւ գիտական ընկերության պատվավոր անդամ է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։

1992-1996 թթ. եղել է ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում, 1993-1994 թթ.՝ ՀՀ գլխավոր դեսպան Եվրոպայում, ՀՀ դեսպան Եվրամիությունում: 1995-1996 թթ.՝ ՀՀ դեսպան Բելգիայում, Նիդերլանդներում, Վատիկանում, Լյուքսեմբուրգում:

1996 թվականից մինչեւ 1997 թ-ի փետրվար եղել է ՀՀ վարչապետ, 1998-2000 թվականներին՝ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում:

2013 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով կրկին նշանակվել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

Արեմն Սարգսյանը «Knightsbridge Group» ընկերության հիմնադիրն է, որը բաղկացած է արդյունաբերության տարբեր ճյուղերում գործող ավելի քան 15 ընկերություններից, որոնք ներգրավված են Եվրոպայի, Ռուսաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի եւ Ղազախստանի նախագծերում:

Բացի այդ, նրա հիմնադրած «Highbury Grup»-ի կազմում գործող «Ленинград» կորպորացիան Ռուսաստանի հյուսիսարեւելյան շրջանում էլեկտրաէներգետիկ եւ ինժեներական խոշոր ծրագրեր իրականացնող «Энергопроект» ընկերության բաժնետերն է: