Lragir.am-ը գրում է.

Նախորդ տարեվերջից Երևանի բնակիչներն անակնկալի են եկել՝ պարզելով, որ ջրամատակարարման դիմաց այլ պարտքեր ունեն: Սպառած ջրի դիմաց «Վեոլիա Ջուր» ընկերությանը վճարում կատարողներին փաստային բաժանմունքներում տեղեկացնում են, որ նրանք պարքեր ունեն նաև նախկին «Երևան Ջուր» ընկերությանը: Այդ պարտքերը ֆիքսվում են կտրոնների վրա, և ինչպես պարզվում է, պարտադիր վճարման ենթակա են:
Փոստային բաժանմունքների աշխատակիցներից Lragir.am-ը տեղեկացավ, որ տեղեկատվական նոր բազայի տեղադրման միջոցով նախորդ ամսվանից այս պարտքերը երևում են, գրեթե բոլոր բաժանորդները պարտքի տակ են, և պարզվում է՝ արդեն նախկին սպասարկող ընկերությանը՝ «Երևան Ջրին» պետք է գումարներ վճարեն:
Հիշեցնենք, որ Երևանում խմելու ջրի մատակարարման օպերատորը 2017 թվականի հունվարի մեկից «Վեոլիա Ջուր» ընկերությունն է՝ փոխարինելով «Երևան Ջրին»:
Փոստային բաժանմունքների աշխատակցիներն այս օրերին քաղաքացիներին հորդորում են չվճարել այդ պարտքերը, մինչև կպարզվի, թե դրանք պարտադիր վճարման ենթակա են, թե ոչ:
Այնինչ, «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի բաժնի աշխատակից Մուրադ Սարգսյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ այս գումարը պարտադիր վճարման ենթակա է: Իսկ թե ինչ կլինի այն բաժանորդների հետ, ովքեր չեն վճարի, նա հստակ պատասխան չտվեց: Մուրադ Սարգսյանը բաժանորդների համար անհասկանալի պարզաբանում տվեց, թե որտեղից են գոյացել այդ պարտքերը:
«Դա միայն այս ամիսն է այդպես: «Վեոլիա Ջուր»-ն աշխատել է 2017 թվականի հունվարի մեկից, իսկ դրանից առաջ եղել է «Երևան Ջուրը», որն աշխատել է ավելի էժան սակագնով՝ 170 դրամ, «Վեոլիա Ջուր»-ն ավելի թանկ՝ 180 դրամ: Եվ քանի որ «Երևան Ջրի» տեսուչները չէին կարող 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆիքսեին մեր 350 հազար բաժանորդների ջրաչափերի ցուցմունքները, նրանք սովորական այցելություններ են կատարել 2017 թվականի հունվարին կամ փետրվարին: Երբ հաշարկել են, հաշվարկել են 2016 թվականի վերջին այցից մինչև 2017 թվականի առաջին այցն ընկած ժամանակահատվածը: Դրա համար մենք 2017 թվականի ընթացքում համակարգչային ծրագիր ենք ստեղծել, բոլորի ջրաչափերի ցուցմունքները վերցրել ենք, այստեղ անցկացրել ենք և հիմա ստացել ենք արդյունքը այդ բոլոր 350 հազար բաժանորդների մասով»,- ասաց Մուրադ Սարգսյանը:
Նա նշեց, որ սա որոշակի անհարմարություն է ստեղծել մարդկանց համար, մարդիկ չեն հասկանում, թե ինչու են «Երևան Ջրին» պարտք, բայց գումարային առումով սա ավելի ձեռնտու է մարդկանց, քանի որ իրենք պարտքը հաշվարկել են էժան սակագնով:
«Պայմանական այսպես ասեմ՝ եթե դուք այսօր «Երևան Ջրով» 800 դրամի պարտք եք ստացել, ուրեմն պետք է համոզված լինեք, որ 1000 դրամի չափով պարտք հանվել է ձեր սպառածից «Վեոլիա Ջրի» մասով: Այսինքն՝ այս հաշվառումը եղել է ի օգուտ մեր բաժանորդների: Դա պարտք չէ, դա ավելի շուտ վերահաշվարկ է, որը մենք ձևակերպում ենք որպես պարտք»,- ասաց նա:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է, որ «Վեոլիա Ջուրը» պարտավոր է բաժանորդներին հստակ ու հասկանալի տեղեկատվություն տրամադրել այս իրավիճակի վերաբերյալ: Պիպոյանն ասաց, որ այս խնդրով իրենք էլ են բողոքներ ստացել սպառողներից:
«Անկախ ամեն ինչից, սպառողը պետք է վճարի մեկ անգամ, չի կարող սպառել երկու անգամ: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավահարաբերությունները կարգավորելու ընթացքում մասնակի անցում կատարելը կարող է առաջացնել որոշակի տեխնիկական թերություններ, որպեսզի սպառողը չտուժի, պետք է այնպես անեն, որ սպառողը ստիպված չլինի երկու անգամ վճարում կատարել»,- ասաց Պիպոյանը:
Մասնագետը նշում է, որ “Վեոլիա Ջուր” ընկերությունը պետք է հրապարակային ներողություն խնդրած լիներ բաժանորդներից, մանրամասն բացատրեր, թե ինչու է այս խնդիրն առաջացել:
Նրա խոսքով՝ բաժանորդների մի մասը անտեղյակ են, չգիտեն, թե ինչ պայմանագրեր ունեին “Երևան Ջրի” հետ, ինչ պարտավորություններ էր ստանձնել այդ ընկերությունը, որը չկատարեց դրանք: Իսկ “Վեոլիա Ջրի” գործունեությունն սկսվեց ջրի սակագինը բարձրացնելով:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am