Lragir.am-ը գրում է.

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում ներդրումների համար նպաստավոր ժամանակաշրջան լինելու մասին Կարեն Կարապետյանի հայտարարությանը, ասել է, որ վարչապետն իրավացի է՝ Հայաստանում կատարվում են փոփոխություններ, ձեւավորվում է ներդրումների համար լավ միջավայր ու ժամանակաշրջան:
Գործատուների հանրապետական միության նախագահը ներդրումների խթանման մասով մատնացույց է արել այլ ուղղություն, ներկայացնելով նախարարի հրաժարականի պահանջ: Ըստ նրա, ներդրումների խթանման կարեւոր գրավական է կրթությունը, իսկ Հայաստանի կրթության ու գիտության ոլորտն այդ իմաստով արգելակ է:
«Մենք վերջին 18 ամսվա ընթացքում կրթության վերաբերյալ 13 նամակ ենք գրել վարչապետին, կրթության և գիտության նախարարին, այդ նամակների արձագանքները մեզ չեն գոհացրել, և մենք հիմա նոր նամակով դիմել ենք վարչապետին` պահանջելով կրթության նախարարի հրաժարականը», հայտարարել է Մակարյանը: Նա նշում է, որ կա բիզնեսի համար մասնագետների պատրաստման խնդիր, մինչդեռ կրթական համակարգը գնում է սխալ ուղղությամբ:
Մակարյանի հայտարարությունը, կամ պարզապես նախարարի հրաժարականի պահանջը, որով նամակ է հղվել վարչապետին, աննախադեպ է: Հայաստանում որեւէ նախարարի կամ առավել եւս նախագահի ու վարչապետի հրաժարականի պահանջ հնարավոր է հանրային տարբեր սուբյեկտներից՝ քաղաքացիական, քաղաքական նախաձեռնություններից եւ ուժերից լսել ամեն օր, օրը մի քանի անգամ, սակայն թերեւս բացառիկ է, երբ այդպիսի պահանջ է հնչում գործարար շրջանակ ներկայացնող կազմակերպությունից, կամ այլ կերպ ասած՝ գործարար լոբբիից:
Ընդ որում հետաքրքիր է, կրթության ու գիտության նախարար, ՀՅԴ ներկայացուցիչ Լեւոն Մկրտչյանը տեղյա՞կ է, որ իր հրաժարականի պահանջով նամակ է ուղղվել վարչապետին: Կարեն Կարապետյանը ստացե՞լ է այդ նամակը եւ հայտնե՞լ է դրա մասին Լեւոն Մկրտչյանին:
Հանգամանքը առավել ուշագրավ է դառնում Կարեն Կարապետյան-ՀՅԴ հենց սկզբից չստացված հարաբերության ֆոնին, երբ նորանշանակ վարչապետը կառավարության յուրաքանչյուր նիստում ինչ որ դիտողություն էր ունենում ՀՅԴ-ական նախարարներին: Ընդ որում, բառացիորեն ամենավերջին նիստում էլ վարչապետը հենց կրթության ու գիտության նախարարի հետ էր ուշագրավ երկխոսություն ունեցել: Նախարարը ներկայացնում էր Բարձրագույն կրթության մասին օրենքի համալիր փոփոխության նախագիծը: Վերջում ասաց, որ մեկ-երկու օր պարզապես խնդրում են խմբագրական փոփոխությունների համար, զուտ ձևակերպումների խնդիր են: Հետո հավելեց, որ Պաշտպանության նախարարության հետ էլ զուտ քննարկում պետք է լինի:
«Այ էդ զուտերը նենց արեք, որ չըլնի: Մենք երկար քննարկել ենք, բերել ենք, էլի՝ զուտ-զուտ», ասել էր Կարեն Կարապետյանը:
Միեւնույն ժամանակ, ՀՅԴ ղեկավարությունը կարծես թե հակված չէ մեծ նշանակություն տալ այդօրինակ միջադեպերին եւ բավական լոյալ է արտահայտվում Կարեն Կարապետյանի գործունեության հանդեպ: Դա նշանակու՞մ է արդյոք, որ ՀՅԴ ղեկավարության շրջանում քննարկվում է ներկայիս նախարարական եռյակի կազմը ապրիլին վերանայելու հարցը:
Այդ ամենն իհարկե խնդրի ներքին ինտրիգային կողմն է, հայաստանյան «բարի ավանդույթ»:
Իսկ ահա գործարար լոբբիի շուրթերով նախարարի հրաժարականի հստակ, կոնկրետ պահանջ ներկայացնելն իրապես անսովոր երեւույթ է: Իսկ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, հետեւաբար գործարար լոբբին բարձրացնում է քաղաքական պահանջ:
Տվյալ պարագայում հարցն այն է, թե ի՞նչ ծավալում կունենա այդօրինակ երեւույթը, արդյոք կընդլայնվեն գործարարների շահ միավորող կառույցները, ու նաեւ ցանկը՝ հրաժարականների պահանջի: Որովհետեւ մեղմ ասած համոզիչ չի կարող թվալ, որ Հայաստանում ներդրումների խթանմանը այստեղ եւ հիմա խանգարում է միայն կրթության ու գիտության նախարարի գործունեությունը:
Այդուհանդերձ, ողջունելի է, որ գործարար հանրույթը փորձում է դրսեւորել նոր վարքագիծ եւ ունենալ գործուն ազդեցություն ավելի լայն քաղաքականության վրա: Կարեւոր է, որպեսզի այստեղ դրվող խնդիրները չլինեն վերացական, եւ հրաժարականների պահանջները այս հարթության վրա էլ չդառնան շնչելու եւ արտաշնչելու պես սովորական այնպիսի մի բան, ինչպիսին դարձել են քաղաքացիական եւ քաղաքական մի շարք հարթություններում ու հարթակներում:
Ըստ այդմ, որեւէ հրաժարականի պահանջ կամ խնդիր ձեւակերպելիս, եւ առավել եւս հնչեցնելիս թերեւս հարկ է, որպեսզի գնահատվի դրա լուծմանը հասնելու ռացիոնալությունն ու իրատեսականությունը: Հատկապես երբ խոսքը գործարար շրջանակների մասին է, հետեւաբար համարձակությունը եւ լավ իմաստով արկածախնդրությունը նախընտրելի լինելով բիզնեսում, այդուհանդերձ քաղաքականության վրա ազդեցության պարագայում թերեւս ավելորդ հանգամանք է:
Ըստ այդմ գուցե արժե նոր վարքագիծը սկսել շատ ավելի «հասանելի» հարթությունից, որտեղ հնարավոր են քաղաքականության վրա տեսանելի եւ արագ ազդեցության առավել իրատեսական փորձեր, ինչը միայն կնպաստի այդ վարքագծին հարող գործարար շրջանակների ավելացմանը:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am