Lragir.am-ը գրում է.Խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ակնարկելով, որ թանկացումների դեմ ԵԼՔ դաշինքի երթը մարդաշատ չէր, եզրակացրել է, որ գնաճը այդքան էլ սարսափելի չէ, որքան հռչակվում է:

Թե ինչու մարդաշատ չէր ԵԼՔ-ի երթը, ունի անկասկած իր խորքային պատճառները: Պատճառներ, որոնք ոչ միայն Ելքինն են, այլ Հայաստանում ընդդիմադիր քաղաքականությանն ընդհանրապես: Ավելին, խնդիրն իր խորությամբ նույնիսկ ոչ թե այն է, թե ինչու երթը մարդաշատ չէր, այլ այն, թե ինչպես հայաստանյան ընդդիմադիր քաղաքական գործունեության արդյունավետությունը դուրս բերել մարդաշատության «նախապայման-ծուղակից», երբ չափման միավոր է դարձել այն, թե ով որքան մարդ կհանի փողոց: Իսկ թե ով ինչ բովանդակություն կբերի օրակարգ, դա գործնականում չի հետաքրքրում ոչ մեկին:
Ինչ վերաբերում է գնաճին, ապա այստեղ խնդրի կամ իրավիճակի «սարսափելիությունն» ունի երկու կողմ՝ ազդեցությունը մարդկանց սոցիալական վիճակի, գրպանի պարունակության վրա, եւ պետության իրավիճակ ընդհանրապես: Այստեղ իհարկե դժվար է միարժեք ասել, որ «սարսափելին» սոցիալական վիճակն է:
Երկարաժամկետ առումով շատ ավելի սարսափելի է այն վիճակը, որում պետությունն է կամ տնտեսությունը, որն առողջացման համար պահանջում է վիրահատական միջամտություն, բայց «նարկոզի» համար փող չկա, որպեսզի զսպի գնաճի ցավը: Իսկ խնդիրն այն է, որ «վիրահատությունը» մինչեւ վերջ, լիարժեք, պատշաճ մակարդակով իրականացնելու համար պահանջվելու է ժամանակ եւ գործողություններ, որոնք պարունակում են ցավն ավելացնելու ու երկարաձգելու անխուսափելիություն:
Հայաստանն այդ իմաստով հայտնվել է բարդագույն «խաչմերուկում», մի քանի գործոնների, որոնց համախառն բարդության պայմաններում ներկայիս գնաճը կարող է իսկապես թվալ ընդամենը «ձնծաղիկ», եթե չգտնվի «նարկոզի» փողը:
Առկա տնտեսա-քաղաքական համակարգը խոշոր հաշվով ունակ չէ ստեղծել ոչինչ: Երկու տասնամյակ այդ համակարգը ձեւավորվել է եղածը սպառելու կենսափիլիսոփայության վրա, ստեղծելով «ձեռքի հետ», ինքնահոս, անկախ իր կամքից, այնքանով՝ որքանով: Երբ եղածը շատ էր, թե ներսում, թե գալիս էր դրսից, համակարգը իրեն զգում էր շատ հարմարավետ, բավական ուժեղ, ընդհուպ 2004 թվականի ապրիլ եւ անգամ 2008 թականի մարտ մարսելու ունակ:
Բայց հենց այդ ժամանակից եղածը սկսեց նվազել՝ թե ներսինը, թե կտրուկ նվազեց դրսից եկողը՝ առ այսօր: Համենայն դեպս, դրա ծավալները բացարձակապես չեն բավարարում նախկին հարմարավետությունն ու ինքնավստահությունը վերականգնելու համար: Այն, որ չկա ուժեղ ընդդիմություն, դա ընդամենը մի փոքր մեղմացնում է ռիսկերը, իր հերթին երկարաժամկետ առումով ավելացնելով նաեւ նոր ու ավելի բարդ ռիսկեր:
Միեւնույն ժամանակ, տեսանելի հեռանկարում չկա նախադրյալ, որ սպառման ենթակա ռեսուրսները կարող են էապես ավելանալ: Ըստ այդմ, առաջանում է համակարգի գոյության ռեժիմը, կենսափիլիսոփայությունը խորքից վերանայելու անհրաժեշտությունը՝ սպառման, մսխման վրա կառուցված համակարգը բերել ստեղծելու, այսպես ասած «ինքնաֆինանսավորման» ռեժիմի:
Իրավիճակը հիմնավորապես բարդացնող եւ սրող հանգամանքը չավարտված կամ սողացող պատերազմն է, որը պահանջում է ահռելի ծախս եւ ռեսուրս:
Միեւնույն ժամանակ, սրվում է նաեւ ներքին դիմակայությունը՝ ռեսուրսների նվազմանը զուգահեռ բարձրանում է դրանց համար պայքարի սրության ու թեժության աստիճանը, եթե նույնիսկ պայքարի հիմնական մասն առերեւույթ չէ:
Համակարգը հայտնվել է մի հիվանդի վիճակում, որը վիրահատական սեղանին է, բայց վիրահատությունն էլ պետք է անցկացնի հենց ինքը: Այսինքն, «նարկոզի» համար փող չլինելը խնդրի միայն մի մասն է: «Նարկոզի» հնարավորություն էլ չկա, քանի որ այդ դեպքում հիվանդը պարզապես «կքնի» վիրահատական սեղանին:
Խորքային առումով հենց այդ պատկերն է «սարսափելի», որովհետեւ ԵԼՔ-ի երթի մարդկանց թվաքանակից կախված է ԵԼՔ-ի ճակատագիրը, իսկ պետության ճակատագիրը կախված է այն վիճակից, որ կա «վիրահատական սեղանի» վրա, որտեղ առկա մարտահրավերների պայմաններում գործող սուբյեկտների վարքը հիշեցնում է ոչ թե պայքար բուժման մեթոդների, այլ ընդամենը «մեռնող հիվանդի» օրգանների համար:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am