Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու, Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ որոշում ընդունելուց առաջ կարևոր է, որ նա հանդիպի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին։ Դեսպան Սարգսյանը նաև կարևորել էր Արցախի Հանրապետության ղեկավարության, սփյուռքահայությունը ներկայացնող կառույցների, կազմակերպությունների կամ անհատների հետ հանդիպումը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի խորհրդարանի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը նշեց, որ իր՝ ԱԺ նախագահ լինելու շրջանը համընկել է Արմեն Սարգսյանի՝ ՀՀ վարչապետ լինելու ժամանակաշրջանի հետ, և Սարգսյանի մասին միայն դրական կարծիք ունի. «Ես չեմ կարող իր փոխարեն պատասխանել, թե ինչու է կարևորում Արցախը։ Եթե չեմ սխալվում՝ իր առաջին այցը հենց Արցախ է եղել։ Եկավ հանդիպեց նախագահ Քոչարյանի, երջանկահիշատակ վարչապետ Լեոնարդ Պետրոսյանի և ինձ հետ՝ որպես ԱԺ նախագահ։ Մենք շրջեցինք արտադրամասերում, եղանք գյուղերում, կային որոշակի ծրագրեր, որ նա ուզում էր իրականացնել Արցախում։ Թեկուզև կարճ ժամանակահատված է պաշտոնավարել, ես միայն դրական կարծիք ունեմ։ Բոլորովին էլ զարմանալի չէ, որ Արցախի իշխանությունների կարծիքն իր համար կարևոր է»։

Մեր զրուցակիցը նաև հավելում է, որ Արմեն Սարգսյանի աշխատանքային գործունեությանը գնահատական տալ չի կարող, քանի որ վերջինիս պաշտոնավարման ժամանակահատվածը շատ կարճ է եղել։ «Ի՞նչ հաջողություններ պետք է արձանագրեր վարչապետը երեք ամսվա ընթացքում, կարծում եմ՝ ժամանակաշրջանը շատ կարճ էր։ Բայց այն, որ Արմեն Սարգսյանն անսպասռ էներգիայով օժտված մարդ էր՝ դա միանշանակ է, ուրախ եմ, որ կարևորում է նաև Արցախի իշխանությունների կարծիքը»,- եզրափակեց Արթուր Թովմասյանը։

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչպիսի հարաբերություններ է ունեցել այն ժամանակվա վարչապետ Արմեն Սարգսյանը Արցախի իշխանությունների հետ՝ 1996-97թթ։ «Ինչ վերաբերում է պարոն Սարգսյանի ցանկությանը՝ հանդիպել Արցախի իշխանությունների հետ, ապա դա բնական է՝ հաշվի առնելով Արցախի կարևորությունը համահայկական օրակարգում»,- ընդգծեց Խանումյանը։

Պատգամավորը նշում է. «Կարծում եմ, որ հայաստանյան ցանկացած դերակատարի համար կարևոր է լսել նաև Արցախի տարբեր դերակատարների կարծիքը զանազան հարցերի շուրջ: Ինձ համար կարևոր է իմանալ նաև նրա կարծիքը հակամարտության տարբեր ասպեկտների շուրջ: Ինձ առավել հետաքրքրում է նրա մոտեցումները արցայյան հարցի շուրջ: Ցավոք, տեղյակ չեմ նրա որևէ հրապարակային հայտարարությամբ այս թեմայով: Ապագա նախագահի վերաբերյալ իմ կարծիքը մեծապես պայմանավորված է լինելու արցախյան հարցով նրա դիրքորոշումից:»։

 Նյութի աղբյուրը՝ 1in.am