Lragir.am-ը գրում է.

Դավոսում տնտեսական համաշխարհային համաժողովին մասնակցող վարչապետ Կարեն Կարապետյանը երկկողմ հանդիպումների շրջանակում հանդիպել է Սինգապուրի փոխվարչապետի հետ: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է Հայաստանի համար: Հետո, ըստ արդեն ավանդական տեքստի՝ սինգապուրյան բիզնեսի համար Հայաստանի շատ հետաքրքիր լինելու մասին, որ գործնականում նույնն է թե Կարեն Կարապետյանի, թե Հայաստանի բարձրաստիճան այլ պաշտոնյաների դեպքում:
Բայց Սինգապուրի զարգացման ուղին իսկապես հետաքրքիր է, ընդ որում հատկապես այն առումով, որ Հայաստանն այդ ուղուն ուշադրություն է դարձնում դեռեւս Տիգրան Սարգսյանի վարչապետությունից, երբ Հայաստան էր հրավիրվել Սինգապուրի ուղու ճարտարապետ, այդ երկրի նախկին վարչապետ Լի Կուան Յուն:
Նա Հայաստանում մի պարզ դեղատոմս էր առաջարկել, թե ինչպես ստանալ Սինգապուր: Լի Կուան Յուն ասել էր, որ իշխանության ամենավերին օղակը պարզապես չպետք է կոռումպացված լինի, ու էֆեկտը կտարածվի մինչեւ վար:
Բանն այն է, որ Սինգապուրի ռեֆորմացիան ոչ միայն գրավիչ ու հրապուրիչ է, այլ ինչ որ առումով պարզապես դաժան: Այլ կերպ Սինգապուրում թերեւս ոչինչ չէր էլ ստացվի: Արդիականությունը Սինգապուրում ներդրվել է ուժով, մամլիչ մեքենայով: Արդյունքը ներկայում հիացմունք է հարուցում, բայց Սինգապուրի այսպես ասած տեղայնացումը առաջացնում է մի պարզ հարց՝ իսկ ո՞վ է լինելու Հայաստանի Լի Կուան Յուն:
Բանն այն է, որ կոշտ եւ հաճախ անգամ դաժան ռեֆորմացիան պահանջում է բարձր մակարդակի հանրային լեգիտիմություն ունեցող իշխանություն եւ առաջնորդ: Բայց, դրանից բացի, ներկայում հարց է նույնիսկ, թե ընդհանրապես ով է լինելու առաջնորդը, եւ Սինգապուրի ուղու մասին խոսող Կարեն Կարապետյանի ուղին դեպի վարչապետի պաշտոնում վերանշանակում ապահովվա՞ծ է, թե ոչ: Այսինքն, եթե անգամ տեսականում դիտարկենք, որ Հայաստանում կա Լի Կուան Յու, ապա դա Կարեն Կարապետյա՞նն է, թե՞ Սերժ Սարգսյանը: Որովհետեւ Սերժ Սարգսյանի համար Սինգապուրը գուցե ամենեւին օրինակելի մոդել չէ:
Իսկ առայժմ Սինգապուրը կարծես թե ընդամենը Հայաստանի վարչապետների քաղաքական վերջին հանգրվանն է:
Ընդհանրապես իհարկե հարց է, թե որքանով է Հայաստանում Սինգապուրի ուղին ենթակա տեղայնացման ու ներդրման, ու նաեւ ինչքանով է Հայաստանի համար այն շահեկան, որովհետեւ այստեղ տեղային, աշխարհքաղաքական առանձնահատկությունները ու տարբերությունները բազմաթիվ են, զուտ մշակութայինից մինչեւ քաղաքական եւ անվտանգության հրամայականներ ու մարտահրավերներ: Ըստ այդմ տեսականում գրավիչ Սինգապուրը Հայաստանին գործնականում պե՞տք է որպես մոդել, թե ոչ, դա մեծ հարց է, լուրջ քննարկման ենթակա, եթե ոչ միարժեք մերժելի հենց սկզբից:
Հայաստանում պետք է կառուցել ոչ թե Սինգապուր, կամ որեւէ այլ օրինակ, այլ կառուցել Հայաստան, որն ինքը օրինակ կլինի այլ պետությունների եւ հանրույթների համար, որոնք մի օր կարող են Դավոսում կամ որեւէ տեղ հանդիպել Հայաստանի պաշտոնյաներին ու ասել, որ Հայաստանի ուղին լավ օրինակ է իրենց համար:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am