ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երեւան քաղաքի 25-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2017 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 00:15-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երեւան քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկի լոգասենյակում հունվարի 21-ի երեկոյան հայտնաբերվել է նույն տան բնակչուհի, 1992թ. ծնված Ս.Կարապետյանի դին: Արաբկիրի քննչական բաժնում նույն օրը՝ հունվարի 22-ին, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։

Բժշկական նախնական հետազոտման արդյունքների համաձայն՝ երիտասարդ կինը մահացել է շմոլ գազից թունավորվելու հետեւանքով։ Նախնական տվյալներով՝ ներտնային եւ կենցաղային գազասպառման համակարգերի անվտանգ շահագործման ապահովումն իրականացնող ընկերության համապատասխան պատասխանատու աշխատակցի կողմից ծառայությունները մատուցվել են ոչ պատշաճ, ինչի հետեւանքով առանձնատան լոգասենյակում խախտվել է բնական գազի օգտագործման անվտանգությունը, որի հետեւանքով էլ նույն տան բնակչուհին, թունավորվելով շմոլ գազից, մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ ամբողջական քննությունն ապահովելու ուղղությամբ:

 Նյութի աղբյուրը՝ NEWS.am