Եթե Ադրբեջանը չի համաձայնում շփման գծում տեխնիկական միջոցների տեղադրմանը, ապա նրան պետք է ստիպել, որ համաձայնի: Այս մասին, նախօրեին, ԵԽԽՎ-ում ի պատասխան ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Սեւինջ Ֆաթալիեւայի զեկույցից հետո տեղի ունեցած մտքերի փոխանակության ընթացքում ադրբեջանցի պատվիրակներ Վուսալ եւ Ռաֆայել Հուսեյնովների, Գաֆարովայի ելույթների, որոնք Հայաստանին մեղադրեցին Խոջալուի ցեղասպանության եւ օկուպացիայի մեջ:

Մելքումյանը, մասնավորապես, նշել է.

«Իսկապես, զինված հակամարտությունների գոտիներում ցանկացած մարդու կյանք թանկ է, սակայն առավել քան մեծ օգնության եւ աջակցության կարիք ունեն երեխաները, որոնք ռազմական գործողությունների հետեւանքով կորցնում են ծնողներին, դառնում են հաշմանդամ կամ որբ: Միաժամանակ, նրանք ենթարկվում են լրջագույն հոգեբանական սթրեսի՝ մնում են անօթեւան:

Ուստի՝ միշտ էլ գերարդիական է մնում բոլոր տիպի կոնֆլիկտների խաղաղ կարգավորման պահանջը:

Ինչպես ասում են՝ այլընտրանք չկա: Վերջին տարիներին այդ խնդիրները առավել ընդգծված ի հայտ եկան Սիրիայում: Հայաստանի Հանրապետությունը ընդունել է եւ աշխատատեղով ապահովել շուրջ 21 հազար փախստականների:

Չի կարելի չնշել նաեւ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով անօթեւան մնացած կամ ծնողին կորցրած Արցախի Հանրապետության, մի շարք գյուղական բնակավայրերի՝ Թալիշի, Մատաղիսի եւ այլ գյուղերի երեխաների՝ Մարտունու շրջանում զոհված 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանի մասին, քանի որ ռումբը պայթել էր հենց դպրոցի բակում:

Միթե կարելի է մոռանալ դա, եւ թե ինչպես են ծնողները տանում երեխայի կորուստը, որն անդառնալի է:

Մարդկանց կյանքը չպետք է քաղաքական եւ պետական գործիչների համար դառնա սպորտային ֆիգուրներով խաղ՝ խաղաղ բնակիչների համար:

Նրանք պետք է պատասխան տան իրենց արարքների համար: Եվ եթե խաղաղ կարգավորման տրամաբանությունն է աշխատում, ապա Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտի շփման գծի երկայնքով, պետք է գործի հրադադարի խախտումները արձանագրող տեխնիկական միջոցների համակարգը: Եվ եթե Ադրբեջանը չի համաձայնվում դրա հետ, ապա նրան պետք է ստիպել, որ համաձայնվի: Կարծում եմ, որ չհամաձայնվելու տարբերակ չկա, այլապես Ալիեւը իր վրա է վերցնում տարածաշրջանում մարդկային զոհերի փաստի ամբողջ՝այդ թվում քաղաքական, իրավական եւ քրեական պատասխանատվությունը:

Հարգելի գործընկերներ,

Մեր՝ ձեզ հետ միասին գործը ոչ միայն գնահատականներ տալն է, այլեւ իրական սանկցիաների կիրառումը մեղավորի եւ մեղավորների նկատմամբ, որովհետեւ բոլոր տիպի ժամկետներն արդեն սպառվել են:

Մարդը, առավել եւս պետության ղեկավարը ուժեղ է, երբ ընդունում է իր սխալները եւ չի թողնում, որ պատմությունը, միջազգային կառույցները կամ հարեւան պետություններն ուղղեն իր սխալները: Այդ դեպքում ինքը վերջնականապես հեղինակազրկվում եւ քաղաքական դիակի է վերածվում սեփական ժողովրդի առջեւ:

Ուրեմն, Իլհամ Ալիեւ, այժմ քո սխալներն ուղղելու պատմական շանս ունես: Հո դու լավ գիտես, որ պարտավոր ես հաշվի նստելու իրական փաստերի եւ պատմական ճշմարտության հետ»: