1in.am-ը գրում է.

Եթե չլիներ հայկական հարցը, Մոնթե Մելքոնյանը գուցե մեծ գիտնական դառնար: Համենայն դեպս, 20 տարեկանում նա ընդունվել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանը: Լայն աշխարհընկալում ու ընդունակություններ ունենալու շնորհիվ չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով «Հնագիտության և ասիական պատմության մասնագետի» վկայականներ։ Մոնթեն ընդունվում է նաև Օքսֆորդի հեղինակավոր համալսարան, սակայն ուսանել չի հասցնում: 1978 թ-ի աշնանը Մելքոնյանը մեկնում է Իրան, մասնակցում է Իրանի շահի դեմ կազմակերպված ցույցերին։ Նույն թվականին մեկնում է Լիբանան, որտեղ քաղաքացիական պատերազմը հասել էր իր գագաթնակետին։ Բեյրութում մասնակցում է հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ Այստեղ նա սովորում է արաբերեն և արդեն 22 տարեկանում լիովին տիրապետում էր հայերենին, անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։

1980 թ-ից Մոնթեն անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍՍԼԱ)՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981 թ-ին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի Վան ռազմագործողությունը: 1981 թ-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։ Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։

Դատարանում Մոնթեն հայտարարեց. «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն…»։ 1985 թ-ին նա նորից կեղծ անձնագրով ժամանեց Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թ-ի հունվարի 16-ին։

ԱՍԱԼԱ-ն Մոնթեի կենսագրության մութ էջերից մեկն է: Համենայն դեպս, տողերի հեղինակն առիթ ունեցել է 1995-ին ներկա գտնվել ԵՊՀ-ում ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սիսլյանի մի հանդիպման, որտեղ վերջինս Մոնթեին մեղադրեց դավաճանության մեջ` այդպես էլ լսարանին չիրազեկելով ԱՍԱԼՍ-ի մութ էջերին վերաբերող այդ խորհրդավոր դրվագը: Սակայն եթե ԱՍԱԼԱ-ն կամ նրա մի հատվածը Մոնթեին դավաճան է համարում, ապա բովանդակ հայությունը հերոսացնում է նրան` արցախյան պատերազմում ունեցած անուրանալի ավանդի համար: 1989 թ-ին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո Մոնթեն 1991 թ-ին գալիս է Հայաստանի Հանրապետություն, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Մոնթեն հիմնում է իր ջոկատը։ Երևանում յոթ ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը եւ հարևանները» գիրքը։ Նույն թվականի սեպտեմբերին Մոնթեն մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո մականունով։

Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ Մոնթեն 1992 թ-ին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Նա կարճ ժամանակում դարձել է արցախյան պատերազմի խորհրդանիշներից մեկը: 1993 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին Մոնթեն մասնակցել է Քարվաճառի ազատագրմանը:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն Մոնթեն սպանվել է 1993 թ.-ի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով զինակիցների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։ Իհարկե, մինչ այսօր մամուլում և այլ հարթակներում շրջանառվում են Մոնթեի մահվան այլ վարկածներ նույնպես: Մոնթեն այն քիչ սփյուռքահայերից էր, ով ակտիվորեն մասնակցեց 88-ի համազգային շարժմանն ու արցախյան պատերազմին. նա հետմահու արժանացել է Հայաստանի և Արցախի Ազգային հերոսի կոչումներին:

Նյութի աղբյուրը՝ 1in.am