Խորհրդային Միության փլուզումից եւ Հայաստանի անկախացումից հետո հիմնական խնդիրը եղել է բանակի ձեւավորումը ադրբեջանական ագրեսիային արդյունավետ եւ կազմակերպված հակազդելու համար։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

Նա նկատել է, թե հիմնական խնդիրներից մեկը սպայական կազմ պատրաստելու հատուկ բուհերի ստեղծումն էր, քանի որ բանակը ստեղծվում էր Լեռնային Ղարաբաղում ակտիվորեն ընթացող ռազմական գործողությունների պայմաններում։ «Ստիպված էին միաժամանակ երկու խնդիր լուծել՝ ապահովել երկրի անվտանգությունն ու աստիճանաբար նոր պաշտպանական համակարգ ստեղծել»,- պարզաբանել է ջամալյանը։ Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, թե հատուկ ուշադրություն է դարձվել դասակների եւ վաշտերի ստեղծմանը, նաեւ մարտական պայմաններում այդ օղակների փոխգործակցությանը։

Հայկական բանակի ձեւավորման հետագա փուլերում, ըստ փորձագետի, հիմնական շեշտը դրվել է նոր ու ժամանանակից սպառազինության ձեռքբերման, պատերազմից հետո ամրագրված սահմանի ամրապնդման վրա։ Հայկական կողմը շեշտը դրել է ակտիվ պաշտպանության վրա՝ ձեռքբերելով դրա համար անհրաժեշտ տեխնիկա եւ սպառազինություն, սկսած համազարկային կրակի, հեռահար հրետանու համակարգերից, վերջացրած բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկայով, որը ունակ է եղել լուծել տարբեր մարտական խնդիրներ ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական բնույթի, հակառակորդին մեծ վնաս հասցնելու՝ գտնվելով անհասանելի հեռավորության վրա։ Միեւնույն ժամանակ, ըստ Ջամալյանի, Ադրբեջանում Ալիեւի իշխանության գալուց հետո ադրբեջանական բանակը սկսել է ակտիվորեն վերազինվել, ինչին նօաստել է նաեւ նավթի գների աճը։

Ադրբեջանական բանակը ձգտել է հիմնականում ձեռքբերել հարձակողական բնույթի սպառազինություն, քանի որ նպատակ չուներ ամրապնդվել շփման գծի առկա սահմաններում, այլ մտածում էր անցնել ակտիվ հարձակողական գործողությունների։ Ըստ Ջամալյանի, երբ այդ շանսը հակառակորդն ունեցավ, չհապաղեց եւ 2016թ. ապրիլին հարձակման անցավ։ «Բայց այժմ մեր զինանոցում բավարար զենք եւ միջոցներ կան, որ թույլ չտանք լուրջ ագրեսիա Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վրա»,- նշել է փորձագետը։ Նա ընդգծել է, որ մենք հաշվի ենք առել 2016-ի փորձը։