Lragir.am-ը գրում է.

Հունվարի 31-ին Պրագայում պետք է կայանա Կարասին-Աբաշիձե հերթական հանդիպումը, որտեղ հնարավոր է վերջնական որոշում կայացվի «տրանսպորտային միջանցքների» բացման մասին:
Մի կողմից Ռուսաստանը հայտարարում է, որ մի քանի ամսվա ընթացքում հնարավոր է պայմանագիր ստորագրվի շվեյցարական ընկերության հետ, որը պետք է մոնիտորինգ իրականացնի: Մյուս կողմից Ռուսաստանը քայլեր է անում, որոնք տորպեդահարում են համաձայնագրի իրագործումը:
Անցյալ շաբաթ Վրաստանի ԱԳՆ-ն առնվազն 3 անգամ բողոք է հայտնել Ռուսաստանի քայլերի կապակցությամբ: Առաջին բողոքը կապված էր հարավօսական զինված ուժերը Ռուսաստանի բանակի կազմում ներառելու համաձայնագրի վավերացման հետ:
Երկրորդ բողոքը հնչել է Կոմերսանտ թերթին Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հարցազրույցից հետո, որտեղ նա հայտարարել է, որ Վրաստանն իբր ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ փաստացի մաքսային սահմանները: Զուրաբ Աբաշիձեն դա սխալ մեկնաբանություն է անվանել եւ ասել է, որ այդ հայտարարությունները կասկածի տակ են դնում համաձայնագրի իրագործումը:
Վրաստանի ԱԳՆ-ն երրորդ բողոքը հայտնել է Վրաստանի եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի սահմաններին մաքսային կետերի ստեղծման կապակցությամբ: Մոսկվան ասում է, որ դա նախատեսված է պայմանագրով, իսկ Թբիլիսին պնդում է, որ դա պայմանավորվածությունների էությունից հեռանալու փորձ է:
Դժվար է ասել, թե այս ամենից հետո ինչ են խոսելու Կարասինն ու Աբաշիձեն, սակայն, դատելով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի երեկվա հայտարարություններից, Հայաստանն այլեւս մեծ հույսեր չի կապում այդ բանակցությունների հետ: Հավանաբար, պարզ է դարձել, որ Ռուսաստանը ոչ մի պատճառ չունի «զոհաբերելու» Աբխազիան Հայաստանի հետ հաղորդակցությունները զարգացնելու համար:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am