37-ամյա կինոռեժիսոր Մարիա Սահակյանի վերջին ցանկությունն է եղել հուղարկավորվել Սանահինում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նրա հոգեհանգստյան արարողության ժամանակ ասաց Մարիա Սահակյանի քեռու տղան՝ Միքայել Զոլյանը՝ նշելով, որ Մարիան շատ էր սիրում այդ վայրերը եւ կարծես հոգեւոր կապ ուներ այդ վայրերի հետ։

«Մեկ տարի առաջ իմացանք, որ Մարիան հիվանդ է։ Նա բուժման նպատակով մեկնեց ԱՄՆ, բայց քանի որ վիճակը շատ վատ էր, նորից հետ եկավ Մոսկվա, քանի որ չէր ցանկանում՝ երեխաները տեսնեն իր տանջանքները։ Նա ընդհանրապես չէր ցանկանում, որ իր հիվանդության մասին բարձրաձայնվի, կամ դրամահավաք կազմակերպվի եւ մինչեւ վերջին պահը ամբողջ ուժով դիմադրում էր։ 5 երեխա ունի, 4 աղջիկ եւ մեկ տղա, փոքրը 2 տարեկան է, իսկ մեծը 18 տարեկան։ Եվ նրա վերջին կամքն էր հուղարկավորվել Սանահինում, քանի որ հոգեւոր կապ ուներ այդ տեղերի հետ»,-ասաց Միքայել Զոլյանը։

Դերասան Միքայել Պողոսյանն էլ Մարիա Սահակյանին բնութագրեց որպես շատ պոզիտիվ, պայծառ մարդ, արվեստագետ։

«Մի հրաշք աղջիկ, մի սպեցիֆիկ երեւույթ, ով կարողացավ այս փոքր ժամանակահատվածում ստեղծել բավականին հետաքրքիր կինոպատկերներ։ Նրա ձեռագիրը երբեք չես կարող շփոթել որեւէ մեկի հետ։ Ամենակարեւորը Մաշան այնքան պայծառ, այնքան պոզիտիվ ներքին աշխարհ ուներ, որ վարակում էր բոլորին։ Նրա 5 պայծառ բալիկները, որոնց նա ժառանգություն է թողել, ինձ թվում է՝ կշարունակեն նրա մեծ սերը։ Ցավում եմ, որ մեր կինոն կորցրեց նման լուսավոր դեմք»,- ասաց Միքայել Պողոսյանը։

Ռեժիսոր Հարություն Խաչատրյանն էլ նշեց, որ նրա մասին խոսում են նրա ֆիլմերը. «Ափսոսում եմ, որ վերջին ֆիլմը ավարտին չհասցրեց։ Ես որպես ռեժիսոր շատ եմ սիրում նրա ռեժիսուրան եւ նա իմ համար ամենալավ ռեժիսորն է»:

Նշենք, որ այսօր Երեւանի Քանաքեռի ռուս ուղղափառ եկեղեցում տեղի ունեցավ Մարիա Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը: Նա կհուղարկավորվի վաղը Սանահինում:

 Նյութի աղբյուրը՝ News.am