«Իրատես» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով ազատված Արթուր Օսիկյանը, ըստ ամենայնի, առաջին փուլում կզբաղեցնի ՀՀ ոստիկանապետի տեղակալի աթոռը: Այս տեղեկությունը փաստում են լավատեղյակ աղբյուրները եւ իրադարձությունները: Մոտ 5 օր առաջ ՀՀ նախագահի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվեց Արթուր Օսիկյանը, իսկ 3 օր հետո, հունվարի 31-ին, նույնպես նախագահի հրամանագրով, աշխատանքային աթոռը լքեց փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը:

Եթե ավելի խորքային վերլուծություն անենք, հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծի պահանջները, ըստ որի, ոստիկանությունը դառնում է վարչապետին առընթեր կառույց, եւ սրան էլ հավելենք այն փաստը, որ ուժային կառույցներում տարիներ շարունակ գործող առաջին դեմքերի փոփոխություն է տեղի ունենում, ապա չի բացառվում, որ երկրորդ փուլում, վերը նշված օրինագիծը ուժի մեջ մտնելուց հետո Արթուր Օսիկյանը զբաղեցնի ոստիկանապետի աթոռը:

Թե որքանով է մեր այս ենթադրությունը հավանական, փորձեցինք ճշտել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից: «Հնարավորությունների շրջանակներում խոսելը նույնն է, ինչ սուրճի բաժակ նայել կամ կանխատեսելը, ինչը իմ սկզբունքներին դեմ է»,- ասաց նախարարը: Գուցե կանխատեսելը անշնորհակալ գործ է, սակայն երբ մենք խոսում ենք հնարավոր տարբերակներից, նկատի ունենք, որ այդ հարցը գուցե եւ քննարկվում է: «Ես այդ հարցին կարող եմ պատասխանել զուտ օրենսդրական տեսանկյունից. օրենսդրական արգելքներ չկան»,- ասաց նախարարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում