YN.am-ի (Երևան Նյուզ լրատվական) աղբյուրների համաձայն՝ ՍԱՍ սուպերմարկետը վերջերս գիշերային հերթափոխի աշխատողների նկատմամբ հերթական անմարդկային քայլին է դիմել, որն անթույլատրելի է իրավական և բարոյական տեսանկյունից:

Մինչ ամբողջ աշխարհում ընդունված է, որ գիշերային հերթափոխի աշխատողները պետք է ժամային առումով և վարձատրման չափով առավելություն ունենան ցերեկային աշխատողների նկատմամբ, ՍԱՍ-ում այդ ամենը կոպտորեն ոտնահարվում է:

Պարզվում է, որ մինչ նախկինում սուպերմարկետի գիշերային հերթափոխի աշխատողները աշխատանքը սկսում էին գիշերվա ժամը 1:00-ին և ավարտում առավոտյան 9:00-ին, իսկ աշխատանքի վայր էլ հասնում էին սուպերմարկետի կողմից տրամադրվող տաքսիներով, ապա այսուհետ աշխատանքային ժամը սկսվելու է երեկոյան 10:30-ին և ավարտվելու է առավոտյան 8:30-ին, իսկ աշխատողները աշխատանքի վայր կհասնեն իրենց միջոցներով:

Ընդ որում՝ գիշերային աշխատողների աշխատաժամի ավելացման հաշվին նվազել է ցերեկային հերթափոխի աշխատողների աշխատաժամը, իսկ վարձատրությունը երկու հերթափոխներում էլ մնացել է նույնը:

Ակնհայտ է, որ սուպերմարկետը բառացիորեն չարաշահում է աշխատակիցների աշխատանքային իրավունքները: Հետաքրքիր է, ինչ հիմունքով է «ՍԱՍ Գրուպ»-ի մարդկային(ճիշտ կլիներ ստրկական) ռեսուրսների մասնագետը կամ տնօրինությունը նման որոշումներ կայացնում:

Հավանաբար անպատժելիությունը նրանց իրավունք է վերապահում այդպես վարվել: Նույն աղբյուրները նշում են, որ սրանից ոչ շատ ժամանակ առաջ աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և շտապօգնություն են կանչել՝ աշխատանքային ժամին ջուր խմելու իրավունք չունենալու պատճառով :