Հայաստանի Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ներման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով ներման բացառիկ իրավունքն այլեւս ՀՀ նախագահի մենաշնորհը չէ:

Մասնավորապես, 2005 թվականի Սահմանադրության 55-րդ հոդվածի վերջին 17-րդ կետում ասվում է. ՀՀ նախագահը ներում է շնորհում դատապարտյալներին: Նախագահին կից գործել է Ներման հարցերի հանձնաժողով, որը քննել է ներման խնդրագրերը, եւ իր եզրակացությամբ այն ներկայացրել հանրապետության նախագահին, ով էլ միանձնյա որոշել է՝ բավարարե՞լ ներման միջնորդությունը, թե՞ մերժել:

Այժմ այդ կարգը ամբողջությամբ փոխվում է: Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված, եւ «Ներման մասին» օրենքի փոփոխություններով նախատեսվում է, որ պետք է լինի լայն ներկայացվածություն ունեցող հանձնաժողով, որի անդամները դատապարտյալներին ներում շնորհելու վերաբերյալ առաջարկություն են ներկայացնելու Հանրապետության նախագահին, որից հետո նախագահը կարող է կամ ներում շնորհել, կամ իր առարկություններով վերադարձնել ներկայացնող մարմին:

Հատկանշական է, որ եթե ներկայացնող մարմինը, այնուամենայնիվ, պնդի իր առաջարկությունը, ապա Հանրապետության նախագահը կամ պետք է ներում շնորհի դատապարտյալին, կամ դիմի Սահմանադրական դատարան:

Այսինքն մի կողմից սահմանադրական փոփոխություններով, որոնք ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ից, նախագահի ներում շնորհելու լիզորությունը, կարծես թե, պահպանվում է, բայց իրականում այդ որոշումը կայացվում է բոլորովին այլ գերատեսչությունում, իսկ ՀՀ նախագահին մնում է կամ համաձայնել, կամ դիմել ՍԴ:

Մասնավորապես, Սահմանադրության 135 հոդվածում, որը վերնագրված է «Ներում շնորհելը»՝ ասվում է. Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը, բայց ԱԺ ներկայացված «Ներման մասին» օրենքի նախագծից հասկանալի է դառնում, որ ներում շնորհողը վարչապետն է, եւ նա կարող է ներում շնորհել, անգամ այն դեպքում, երբ նախագահը համաձայն չէ վարչապետի որոշման հետ:

Այսպես, օրինագծի 5-րդ հոդվածի 9-րդ կետը սահմանում է, որ Ներման հարցերով հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, մինչդեռ նախկինում այդ հանձնաժողովը գործում էր ՀՀ նախագահին կից: Այսինքն ստացվում է, որ այսուհետ ներման հանձնաժողովի անդամներին նշանակելու է վարչապետը:

Նույն հոդվածով սահմանվում է, որ Արդարադատության նախարարությունը ներման խնդրագիր ներկայացրած անձի գործը կազմում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, պրոբացիայի ծառայության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած տվյալների հիման վրա: Ներման հարցերով հանձնաժողովը ներման խնդրագիրը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում ՀՀ արդարադատության նախարարին ներկայացնում է եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ, որն ունի խորհրդատվական բնույթը:

Այնուհետեւ արդարադատության նախարարը, Ներման հարցերով հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում ՀՀ նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին ՀՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Առաջարկությանը կցվում է ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ կազմված գործը եւ Ներման հարցերով հանձնաժողովի եզրակացությունը:

Ստացվում է, որ ամեն ինչ արվում է կառավարության ու վարչապետի կողմից, իսկ նախագահին ներկայացվում է պատրաստի փաստաթուղթ:

Իհարկե, ՀՀ նախագահը կարող է նաեւ չստորագրել ներկայացված հրամանագրի նախագիծը, բայց դա շատ մեծ նշանակություն չունի, որովհետեւ որովհետեւ այն առանց նախագահի ստորագրության էլ կարող է օրենքի ուժ ստանալ:

Մասնավորապես, օրինագծի 7-րդ հոդվածում ասվում է, որ նախագահը վարչապետի ուղարկած հրամանագիրը պետք է երեք օրում ստորագրի, կամ առարկություններով հետ ուղարկի վարչապետին: Եթե վարչապետը չի ընդունում նախագահի առարկություները եւ հրամանագրի նախագիծը կրկին ներկայացնում է Հանրապետության վարչապետին, ապա նախագահը կամ հրապարակում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Իսկ եթե նախագահը ոչ առարկում է, ոչ էլ Սահմանադրական դատարան է դիմում, ապա վարչապետի պատրաստած հրամանագիրը ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով, այսինքն՝ առանց նախագահի ստորագրության: