Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվել է Կարեն Շահինյանի գործով դատական քննությունը:

1983 թվականին ծնված Կարեն Շահինյանը, ըստ դատական ակտի, նախկինում՝ 2010 թվականին դատապարտվել է թմրամիջոցների հետ կապված հանցավոր արարքների համար, ազատություն է դուրս եկել 2014 թվականի ապրիլի 22-ին: Դատվածությունը մարված չէր:

Ըստ ներկա գործով առաջադրված մեղադրանքի՝ 2015 թվականի դեկտեմբերի լույս 24-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում Կարեն Շահինյանը, գտնվելով Երևանի Մայիսի 9-ի փողոցում գործող «Գուդվին Բետ» բուքմեյքերական գրասենյակում, խաղադրույքներ է կատարել և տանուլ տալով՝ շահադիտական դրդումներով՝ գրասենյակի չհրկիզվող պահարանից գումար հափշտակելու նպատակով սպանել է գրասենյակի աշխատող Արթուր Ն.-ին՝ դանակի 23 հարված հասցնելով նրա գլխին, պարանոցին, կրծքավանդակի աջ և ձախ կեսերին, որովայնին, ձեռքերին… Այնուհետև, ըստ մեղադրանքի, Կարեն Շահինյանը գրասենյակի չհրկիզվող պահարանից հափշտակել է 189 հազար 650 դրամ գումար և դիմել է փախուստի:

Նախաքննական մարմինը Կարեն Շահինյանին մեղադրանք էր առաջադրել ծանրացուցիչ հանգամանքում՝ շահադիտական դրդումներով սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

2015 թվականի դեկտեմբերի 24-ին Կարեն Շահինյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նա հայտնաբերվել է 2016 թվականի փետրվարի 18-ին Ռուսաստանի Օրենբուրգի շրջանում և առնվել է արգելանքի տակ, ապա տեղափոխվել է Հայաստան:

Դատարանում Կարեն Շահինյանը իրեն մասնակի է մեղավոր ճանաչել: Նա հայտնել է, որ պարբերաբար խաղադրույքներ է կատարել հիշյալ բուքմեյքերական գրասենյակում: Այդ կապակցությամբ մտերմացել է գրասենյակի աշխատող Արթուր Ն.-ի հետ:

Դեպքի նախորդ օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 23-ի առավոտյան ինքը գնացել է ծնողների տուն: Եղբոր հետ գնացել է բանկ, եղբայրը վարկով գումար է վերցրել ու խոստացել է երեկոյան իրեն 500 դոլար տալ՝ ամանորյա ծախսերի համար:

Մինչև եղբոր խոստացած գումարը վերցնելը ինքը զանգել է «Հրազդան» ՔԿՀ-ում պատիժ կրող ծանոթ դատապարտյալ Անդրանիկին ու պարտքով գումար է խնդրել նրանից: Անդրանիկը չի մերժել, ասել է, թե ումից կարող է պարտքով 50 հազար դրամ վերցնել: Ինքը Անդրանիկի ասած մարդու հետ հանդիպել ու վերցրել է այդ գումարը:

Դրանից հետո եղբայրն իրեն տվել է 500 դոլար ու 40 հազար դրամ:

Երեկոյան ինքը գնացել է «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակ և խաղադրույքներ է կատարել: Այնտեղ տանուլ է տվել, գնացել է մեկ այլ գրասենյակ, շարունակել է դրույքներ կատարել:

Տուն գնալու ճանապարհին զանգել է «Գուդվինի» աշխատող Արթուրին, իմացել է, որ նա դեռ գրասենյակում է: Ինքն էլ է գնացել այնտեղ:

Խաղադրույքներ է կատարել «Լոտո» խաղի վրա: Երբ ցանկացել է տուն գնալ, Արթուրը խնդրել է, որ սպասի՝ իրեն էլ մեքենայով տուն տանի, քանի որ իրենք մոտիկ են ապրել: Ինքը համաձայնել է:

Այդ ընթացքում Արթուրը հաշվարկ է կատարել, իսկ ինքը շարունակել է խաղադրույքներ կատարել:

Իր կողմից նշած թվերի վրա Արթուրը սխալ խաղադրույք է կատարել, ինչի պատճառով իրենց միջև վիճաբանություն է սկսվել: Արթուրն իր վրա է նետել կատարված խաղադրույքի կտրոնը: Ինքը այն հետ է շպրտել:

Արթուրը քայլել է իր կողմը, ինքն էլ նրան է մոտեցել:

Արթուրը հարվածել է իրեն, ինքը նրան հրել է: Արթուրը սայթաքել ու վայր է ընկել:

Երբ նա ոտքի է կանգնել, իրենք շարունակել են միմյանց հարվածներ հասցնել ձեռքերով: Արթուրն իրեն գցել է բազկաթոռին, հարվածներ է հասցրել, փորձել է խեղդամահ անել:

Ինքը նկատել է, որ Արթուրի տաբատի գոտկատեղին՝ աջ մասում, դանակ կա ամրացված: Փորձել է վերցնել դանակը, չի կարողացել:

Արթուրը դա նկատելով՝ հանել է դանակն ու բացել է:

Ինքը նրանից խլել է դանակը, որի ընթացքում վնասել է աջ ձեռքի մատները:

Դանակը վերցնելուց հետո առաջին հարվածը հասցրել է Արթուրի դեմքին, հետո բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ չի հիշում՝ որ մասերին:

Արթուրն ուժասպառ է եղել, հետ-հետ գնալով՝ ընկել է: Նա ինչ-որ բառեր է ասել, ինքը չի հասկացել՝ ինչ:

Ինքը մաքրել է իր հագուստը, անջատել է լույսերը ու իր մեքենայով գնացել է թիվ 49 դպրոցի մոտ գտնվող ցայտաղբյուրի ջրով հագուստները մաքրելու: Հետո զանգել է այն մարդուն, ումից 50 հազար դրամ էր վերցրել: Պարտքը վերադարձրել ու իր մեքենայով մեկնել է Վրաստան, այնտեղից էլ՝ Ռուսաստան, որտեղ 2016 թվականի փետրվարին ձերբակալվել է, հետո տեղափոխվել է Հայաստան:

Կարեն Շահինյանը հայտնել է, թե Արթուր Ն.-ին չի ցանկացել սպանել, վիճաբանության արդյունքում է այդպես ստացվել, ինչի համար զղջում է: Արթուրն իրենից ուժեղ ու թիկնեղ էր, ինքը ավելի շատ ցանկացել է պաշտպանվել նրանից: Բուքմեյքերական գրասենյակից ինքը գումար չի վերցրել Արթուրին սպանելուց հետո: Առավել ևս՝ շահադիտական դրդումներով նրան չի սպանել՝ նախ՝ եղբայրն իրեն գումար էր տվել, բացի այդ՝ ինքը գիտեր՝ բուքմեյքերական գրասենյակում այնքան գումար չի լինում, որ դրա համար մարդ սպաներ: Արթուրի կողմից իր խաղադրույքը սխալ կատարելու պատճառով են իրենք վիճել:

Ամբաստանյալը նշել է, որ նույն օրվա երեկոյան Արթուրը ուրիշների հետ էլ է վիճել սխալ դրված խաղադրույքների պատճառով, ինքը փորձել է խաղաղեցնել:

Կարեն Շահինյանը պնդել է, թե պարտքով խաղադրույքներ չի կատարել, բայց պատահել է՝ խաղից չկտրվելու համար Արթուրը մի քանի կտրոններ է տպել, դրանց վերաբերյալ նշումներ է արել թղթի վրա, հետո ասել է, ու ինքը վճարել է…

Կարեն Շահինյանը նշել է, որ նկատել էր՝ ինչպես է Արթուրը իրեն մոտենալուց առաջ գումար դնում գրպանը, եթե շահադիտական դրդումներ ունենար, այդ գումարը կհափշտակեր, ինչը չի արել:

Ամբաստանյալը դատարանի ուշադրությունն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ սպանությունից հետո ծանոթին վերադարձրած պարտքի գումարի թղթադրամների վրա Արթուրի արյունը չի հայտնաբերվել…

Տուժողի իրավահաջորդը ՝Արթուր Ն.-ի մայրն ասել է, թե որդին դանակների հավաքածու է ունեցել, բայց երբեք դանակ չի կրել: Տուժողի իրավահաջորդը ներկայացրել է 1 միլիոն 500 հազար դրամի քաղհայցի պահանջ ու պահանջել է, որ Կարեն Շահինյանը դատապարտվի ցմահ ազատազրկման:

Մեղադրողը միջնորդել է Կարեն Շահինյանին դատապարտել 18 տարի ազատազրկման:

Դատարանը հաշվի է առել, որ սպանված Արթուր Ն.-ի գրպաններից հայտնաբերվել է 158 հազար 500 դրամ: Գրասենյակի չհրկիզվող պահարանում առկա է եղել 10 հազար 350 դրամ:

Դատարանը եզրակացրել է, որ Կարեն Շահինյանին առաջադրված մեղադրանքի ծավալում ներառված շահադիտական դրդումների առկայությունը գործի քննությամբ չի հիմնավորվել ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառեր դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած:

Դատարանը Կարեն Շահինյանի արարքը վերաորակել է, նրան մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության հոդվածի՝ ավելի մեղմ՝ առաջին մասով:

Դատարանը հաշվի է առել, որ Կարեն Շահինյանի խնամքին են երկու անչափահաս երեխաները, ինչպես նաև այն, որ Կարեն Շահինյանի նախորդ դատվածությունը մարված չէ:

Կարեն Շահինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 13 տարի ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը բավարարվել է ամբողջությամբ՝ 1 միլիոն 500 հազար դրամի չափով:

Դատավճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ ատյանում: