«Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն փորձում է գումար շորթել 240 մանրածախ տնտեսվարողներից։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ տնտեսվարողների եւ սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը։

Նրա խոսքով, «Աշտարակ կաթ»-ում գործում է հանցավոր խումբ. մանրածախ տնտեսվարողները մինչեւ 2016 թվականը ապրանքներ են ստացել առաքիչներից, վճարել դրա դիմաց։ Առաքիչները հաջորդ այցերին տնտեսվարողներին տվել են գումարների անդորրագրերը, նոր ապրանք տվել, գանձել կանխիկ գումարը։

Նրա խոսքով, մանրածախ առեւտրականները երբեք պարտք չեն ունեցել ընկերությանը, սակայն, նրանց դատի են տվել առանց նախազգուշացման։

«Վճարման անդորրագիրը գիտակցաբար՝ խարդախության նպատակով կամ շորթման նպատակով պահել են եւ գումար են պահանջում տնտեսվարողներից»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք դիմել են իրավապահներին ապօրինությունը բացահայտելու խնդրանքով։

Ասուլիսին ներկա երկու տնտեսվարողներ՝ Էդուարդ Կոշտոյանը եւ Լուսյա Հարությունյանը նշել են, թե խոսքը մեծ գումարների մասին է՝ որոշ դեպքերում մինչեւ 5 մլն դրամի։ Կոշտոյանից, օրինակ, 2 մլն դրամ են պահանջել, իսկ Լուսյա Հարությունյանից՝ 43 հազար դրամ։ Հայցերը ներկայացվել են 240 տնտեսվարողների դեմ։

Լուսյա Հարությունյանը նշել է, թե «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն փորձում է գումար շորթել մանրածախ տնտեսվարողներից՝ իմանալով, որ Հայաստանում փոքր բիզնեսն ամենախոցելին է: «Փոքր բիզնեսն Հայաստանում այսօր ամենախոցելի խավն է, բոլորովին պաշտպանված չէ, եթե բյուջեում ճեղքվածք կա՝ կոտրվում է մեր վզին, օրինակ «Աշտարակ կաթը» «Երեւան Սիթիի» նկատմամբ նման վերաբերմունք երբեք չէր ցուցաբերի, որովհետեւ «Երեւան Սիթին» կուտեր իրան: Միայն մեր նման անպաշտպաններին են նման բան անում, հիմա խմբավորվել ենք, պայքարում ենք, բայց ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Իմ վախը գիտեք որն է։ Ասենք թե դա ջարդեցին մեր վզին, դրանից հետո ճանապարհ է հարթվում մյուս ֆիրմաների համար, որովհետեւ այսօր շատ ֆիրմաներ կան, որ նման ձեւով են աշխատում մեզ հետ եւ վճարման անդորրագիր չեն ներկայացնում, ինչքան էլ պահանջենք»,-ասաց նա: