Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 8-ին, 72 կողմ, 3 դեմ եւ 19 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում էր ուղեւորափոխադրում իրականացնողների համար հարկային բեռի թեթեւացմանը:

Օրենքի նախագծով մասնավորապես, առաջարկվում է ավտոբուսների համար մեկ նստատեղի հաշվարկով արտոնագրային հարկի դրույքաչափը սահմանել 1800 դրամ՝ 2000 դրամի փոխարեն, իսկ միկրավտոբուսների համար 2600-ից նվազեցնել մինչեւ 2300 դրամի. «Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս միկրոավտոբուսների համար ամսական 9100 դրամ նվազ գումար վճարել»,-ասել է օրինագծի հեղինակներից Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով, օրենքն ուժի մեջ մտնելուն պես բոլոր ուղեւորափոխադրողներն իրավունք ունեն մինչեւ մարտի 1-ը հայտարարություն ներկայացնե, որ իրենք աշխատելու են արտոնագրային հարկի դաշտում եւ այն հարկային պարտավորությունները, որոնք ձեւավորվում են հունվար-փետրվարին այդ տնտեսվարողների նկատմամբ, նրանք իրավունք ունեն վճարել մինչեւ հունիսի 20-ը: