Երեւանում, այսօր՝ փետրվարի 9-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 00։30-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Ոստիկանության Մալաթիայի բաժին, որ Իսակով 38 շենքի հարեւանությամբ գտնվող ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ, դիեր կան։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում կայանված Opel մակնիշի 10 TT 666 համարանիշի ավտոմեքենայի առջեւի նստատեղերում հայտնաբերել են 39-ամյա Հակոբ Վ.-ի եւ 41-ամյա Լուսինե Ա.-ի դիերը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Հակոբ Վ.-ն երեկվանից որպես անհայտ կորած որոնվում էր Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրանք մահացել են շմոլ գազից։ Հավանաբար, ավտոմքենայի մեջ միացրել են շարժիչը, որպեսզի տաքանան ու, քանի որ ավտոտնակի դուռն էլ փակել են, արտանետված գազը կուտակվել է մեքենայում եւ ավտոտնակում, ինչն էլ դարձել է ողբերգական մահվան պատճառ։