Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր` փետրվարի 9-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում մեղադրողը հանդես եկավ մեղադրական ճառով: Մեղադրական ճառի հրապարակման ժամանակ ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանը ներկա չէր, նրա նկատմամբ անցած դատական նիստին դատական սանկցիա էր կիրառվել եւ նա հեռացվել էր դատական նիստերի դահլիճից: Ամբաստանյալներից Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ, եթե Գեւորգ Սաֆարյանին նիստերի դահլիճ չբերեն, ապա կլքի նիստերի դահլիճը, որից հետո լքեց նիստերի դահլիճը:

«Դուք դատարան չեք, դուք ժողովրդի ճորտն եք»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը եւ լքեց նիստերի դահլիճը: Ամբաստանյալներից Ներսես Պողոսյանը եւս հայտարարեց, որ պատրաստվում է լքել նիստերի դահլիճը, եթե Գեւորգ Սաֆարյանը չբերվի նիստերի դահլիճ, մյուս ամբաստանյալները եւս միացան նրան: Դատարանը որոշում կայացրեց Ժիրայր Սեֆիլյանին եւ Գեւորգ Սաֆարյանին բերել նիստերի դահլիճ: Որից հետո մեղադրող Հակոբ Ենոքյանը հրապարակեց մեղադրական ճառը, ըստ որի` Ժիրայր Սեֆիլյանը եւ մյուսները զանգվածային անկարգություններ կազմակերպելու նպատակով ձեռք են բերել մարմնական վնասվածքներ հասցնելու համար գործիքներ: Նրանք ծրագրել են 2015թ. ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպել հանրային վայրերում, որը չան կարողացել իրականացնել, քանի որ ձերբակալվել են ապրիլին, նրանք ծրագրել են Հայաստանի տարբեր վայրերում գտնվող կարեւոր շենքեր, շինություններ գրավել:

Մեղադրողը Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսներին առաջադրված մեղադրանքը համարեց ապացուցված եւ փաստարկված: Ըստ այդմ, մեղադրողը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին: