Lragir.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Ալիեւը դարձյալ հայտարարել է Երեւանի եւ Զանգեզուրի «նվաճման» մասին: Առաջին անգամը չէ, սակայն հետաքրքիր անգամ է: Մի քանի առումներով: Ալիեւը Երեւանի եւ Զանգեզուրի մասին հայտարարում է Մինսկի խմբի երեք համանախագահների հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպումից ժամեր անց: Համանախագահների հետ նա անկասկած քննարկել է Արցախի, ոչ թե Երեւանի ու Զանգեզուրի հարցը: Եթե համանախագահների հետ հանդիպումից հետո Ալիեւը հայտարարում է Երեւանի եւ Զանգեզուրի մասին, ապա դա նշանակում է, որ համանախագահների հետ հանդիպմանը Արցախի մասին նա չի լսել իր համար որեւէ հուսադրող բան:
«Դուք դեռ կտեսնեք», համանախագահների հետեւից գործնականում ասում է Ալիեւը, երբ խոսում է Երեւանի ու Զանգեզուրի մասին այն ժամանակ, երբ համանախագահները Բաքվից ուղեւորվում են Երեւան եւ Ստեփանակերտ:
Բանն այն է, որ Ալիեւն իր հայտարարությամբ պարզապես ավելորդ է դարձնում նրանց այդ ուղեւորությունն ու փակում թեման: Երեւանին ու Ստեփանակերտին մնում է համանախագահներին հարցնել՝ դուք լսե՞լ եք նրան: Այդ դեպքում ի՞նչ եք անում այստեղ եւ ինչ եք ուզում լսել մեզանից: Համանախագահներին կմնա միայն վայելել հայկական հյուրընկալությունը, որովհետեւ նրանք անկասկած սթափ եւ ողջախոհ մարդիկ են, այդ ամենից հետո որեւէ այլ հարց ունենալու համար:
Ալիեւի հայտարարությունը գործնականում փաստարկ է, գրեթե իրեղեն ապացույց, որ հայկական զինուժը Արցախի եւ Հայաստանի սահմանային դիրքերում, խրամատներում պահում է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ միջազգային անվտանգությունը, քաղաքակրթական անվտանգությունը, որովհետեւ միայն բարբարոս մածողության դեպքում է հնարավոր ԵԽ անդամ պետության նախագահի մակարդակով հայտարարել մյուս պետության մայրաքաղաքը նվաճելու մասին:
Ալիեւի հայտարարությունը հետաքրքիր է դառնում նաեւ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթի ֆոնին: Ադրբեջանի նախագահը Երեւանի եւ Զանգեզուրի մասին խոսելով փաստացի հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր: Իսկ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում ելույթ ունենալով եւ պատասխանելով ադրբեջանցի պատվիրակի ագրեսիվ տոնով հնչեցրած հարցին, հայտարարեց, թե Ադրբեջանի նպատակը Արցախն առանց հայերի վերցնելն է, ինչը երբեք չի լինի:
Ադրբեջանի նախագահը փաստորեն հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը լիովին իրավացի էր եւ ավելին՝ նույնիսկ որոշակիորեն մեղմ եւ ավելի լավ կարծիքի էր Ադրբեջանի մասին, քան կա Ադրբեջանն իրականում:
Այդ իմաստով, որքան Ալիեւը հաճախ հայտարարի Երեւանի եւ Զանգեզուրի մասին, այնքան թերեւս արժե շնորհակալ լինել նրան հայկական դիվանագիտությանը մեծ ծառայություն մատուցելու համար: Մնում է, որպեսզի հայկական դիվանագիտությունն ունենա այդ ծառայությունից օգտվելու, այն հավուր պատշաճի օգտագործելու կամք եւ կարողություն:
Միեւնույն ժամանակ, իրավիճակն ամենեւին գլխակորույս ոգեւորության առիթ չէ, որովհետեւ, նախ, միջազգային քաղաքականությունը պահանջում է ամենօրյա համակողմանի աշխատանք, եւ մեկ օր վրիպելու կամ դադար տալու դեպքում իրավիճակը, այն էլ ներկայիս աշխարհում, կարող է փոխվել կտրուկ: Եվ դրանից բացի, այն, որ Ալիեւը համանախագահների հետեւից անում է հուսահատ բացականչություններ, պետք է առավել բարձրացնի հայկական կողմի զգոնությունը, քանի որ անկյուն քշված վիճակում նա դառնում է առավել անկանխատեսելի:
Ի վերջո, կա մի աքսիոմատիկ ճշմարտություն՝ իրավիճակն այդ առումով պայմանավորված է Հայաստանի պետական ինքնիշխանությամբ եւ տնտեսա-քաղաքական էֆեկտիվությամբ: Դա է Ադրբեջանին զսպող գլխավոր, առանցքային գործոնը, իսկ մնացյալը՝ դրա ռազմական եւ դիվանագիտական արդյունքը:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am